- 29 Ապր
- 2026
Երևանում մեկնարկել է իրանա-կովկասյան հետազոտություններին նվիրված միջազգային գիտաժողովը
Միջոցառումը համախմբել է հայաստանյան և արտասահմանյան գիտական կենտրոնների հետազոտողներին, որոնք աշխատում են իրանագիտության, կովկասագիտության և արևելագիտության ոլորտներում։
«Իրանա-կովկասյան շփման գոտի․ ժողովուրդներ, մշակույթներ, լեզուներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է համալսարանի Արևելագիտության ինստիտուտը, մեկնարկել է Ռուս-հայկական համալսարանում ապրիլի 28-ին:
Միջոցառումը համախմբել է հայաստանյան և արտասահմանյան գիտական կենտրոնների հետազոտողներին, որոնք աշխատում են իրանագիտության, կովկասագիտության և արևելագիտության ոլորտներում։
Գիտաժողովի շրջանակում անցկացվում են լիագումար նիստեր և թեմատիկ սեկցիաներ՝ նվիրված տարածաշրջանի էթնիկական պատմության, լեզվական կապերի և մշակութային փոխազդեցությունների հարցերին։
Մասնակիցներին ողջույնել է համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը։ Նա ընդգծել է, որ գիտաժողովն արդեն դարձել է ավանդական և արտացոլում է համալսարանում իրականացվող գիտական հետազոտությունների բարձր մակարդակը։ Նրա խոսքով՝ արևելագիտության դպրոցի զարգացման գործում կարևոր դեր ունեն առաջատար մասնագետները, այդ թվում՝ պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը և նրա գիտական դպրոցը։
Ավետիսյանը ընդգծել է, որ իրանա-կովկասյան շփման գոտին բարդ պատմամշակութային տարածք է, որը ձևավորվել է Իրանական բարձրավանդակի և Կովկասի սահմանագծում։ Այս տարածաշրջանը հազարամյակների ընթացքում եղել է միգրացիաների, առևտրի և մշակութային փոխանակման կարևոր միջանցք, ինչով էլ պայմանավորված է նրա նշանակալի դերը էթնիկական և լեզվական բազմազանության ձևավորման գործում։
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն նշել է, որ 2026 թվականը խորհրդանշական է ինստիտուտի համար․ այս տարի լրանում է «Iran and the Caucasus» միջազգային գիտական հանդեսի 30-ամյակը։ Նա ընդգծել է, որ հանդեսը շարունակում է մնալ կարևոր միջազգային հարթակ գիտական երկխոսության համար, ինչպես նաև տեղեկացրել է սեպտեմբերին նախատեսվող հոբելյանական գիտաժողովի մասին։
Ասատրյանի խոսքով՝ ինստիտուտի գիտական մատենաշարի շրջանակում ամեն տարի հրատարակվում է շուրջ երեք հատոր, ինչը բավական հազվադեպ երևույթ է ժամանակակից համաշխարհային արևելագիտության մեջ։
Գիտաժողովի ծրագրում ներառված են տարբեր երկրների հետազոտողների զեկույցներ, այդ թվում՝ եվրոպական համալսարանների և գիտական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվող թեմաներն ընդգրկում են հարցերի լայն շրջանակ՝ հնագույն պատմությունից և էթնոգենեզից մինչև ժամանակակից էթնոմշակութային գործընթացներ։
Կազմակերպիչներն ընդգծում են, որ իրանա-կովկասյան շփման գոտու ուսումնասիրությունն առանցքային նշանակություն ունի մշակութային դիֆուզիայի, միջլեզվական կապերի և սահմանային տարածաշրջաններում բարդ էթնոսոցիալական համակարգերի ձևավորման մեխանիզմների ըմբռնման համար։
Նշենք, որ գիտաժողովն անցկացվում է Ռուս-հայկական համալսարանի և Հայաստանի Հանրապետության Գիտության կոմիտեի աջակցությամբ։







