- 16 Նոյ
- 2026
ՌՀՀ ուսանողներն ու դասախոսներն այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն
ՌՀՀ ներկայացուցիչները երեխաների համար պատրաստել էին մշակութային և ժամանցային ծրագիր։
Ռուս-Հայկական համալսարանի ուսանողները, դասախոսներն ու աշխատակիցները նոյեմբերի 13-ին այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն՝ երեխաների հետ ջերմ ու ուրախ հանդիպում անցկացնելու համար։
ՌՀՀ ներկայացուցիչները երեխաների համար պատրաստել էին մշակութային և ժամանցային ծրագիր։ Ուսանողները երգել են, ցուցադրել դհոլի կատարումներ, կազմակերպել խաղեր և ստեղծագործական զբաղմունքներ։ Երեխաները հնարավորություն են ունեցել նաև ներկերով զարդարելու իրենց դեմքերն ու ձեռքերը։
Մանկատան սաներն իրենց հերթին հյուրերին ուրախացրել են երգով ու պարով։ Հանդիպման հուզիչ պահերից էր 17-ամյա սանի ելույթը, որը ներկայացրել է իր հեղինակած բանաստեղծությունները։ Նա արդեն երեք հրատարակված գրքի հեղինակ է։
Այցը կազմակերպվել է ՌՀՀ ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական Մարթա Մելիքսեթյանի աջակցությամբ՝ դեկտեմբերի 3-ին նշվող Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները ոչ միայն երեխաներին դրական հույզեր պարգևելու հնարավորություն են, այլև կարևոր քայլ՝ բարության, փոխօգնության, սոցիալական պատասխանատվության և մարդկային հոգատարության արժեքների ամրապնդման ճանապարհին։
Հանդիպման ավարտին երեխաներին հանձնվել են Ռուս-Հայկական համալսարանի նվերները։







