research
  • 16 Հոկ
  • 2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը դասախոսությամբ հանդես եկավ ՀՌՀ-ում

    Քրիստինե Ղալեչյանը ներկայացրեց ոլորտում առկա մարտահրավերները, նորարարությունները և խոսեց դրանց կարևորության մասին:

    Հոկտեմբերի 5-ին Հայ-Ռուսական համալսարանը հյուրընկալել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանին։ Նա դասախոսությամբ հանդես եկավ ՀՌՀ Իրավունքի ինստիտուտի ուսանողների համար, որի շրջանակներում անդրադարձավ ՀՀ պետական կառավարման համակարգի առանձնահատկություններին, գործառույթների արդյունավետ իրականացման համար թվային գործիքների ներդրման կարևորությանը, թվայնացման դերին, անդրադարձավ նաև իրավաբանի դերին և պետության կողմից ճանապարհային ոլորտում իրականացվող քաղաքականությանը։
     
    Քրիստինե Ղալեչյանը ներկայացրեց ոլորտում առկա մարտահրավերները, նորարարությունները և խոսեց դրանց կարևորության մասին՝ շեշտելով, թե ինչպես են դրանք նպաստում քաղաքացիների համար հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։ 
     
    Տիկին Ղալեչյանը կարևորեց ուսանողների մասնակցությունը քննարկումներին՝ պատասխանելով նրանց կողմից բարձրացված տարաբնույթ մասնագիտական հարցերին։ Ուսանողներին հատկապես հետաքրքրում էին թվայնացման ազդեցությունը իրավական ոլորտում և դրա ապագա հեռանկարները։ 
     
    Քննարկումների ընթացքում նախարարի տեղակալը հետաքրքրվեց, թե ինչու են ուսանողները ընտրել իրավաբանի մասնագիտությունը և ինչ նպատակներ ունեն մասնագիտական առումով։ Որպես մասնագիտացման կարևոր ուղղություն առաջարկեց ուսանողներին խորապես ուսումնասիրել կառուցապատման և բնապահպանական իրավունքի ճյուղերը։ Հետաքրքիր և ակտիվ քննարկումից հետո տիկին Ղալեչյանը ուսանողներին հրավիրեց այցելելու նախարարություն՝ ծանոթանալու այնտեղ ընթացող ծրագրերին և ունենալու նոր քննարկումներ պետաիրավական, թվայնացման և կառավարման թեմաների շուրջ։ 
     
    Նման ձևաչափով հանդիպումները նպաստում են երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու պրակտիկ հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև ստեղծում են հեռանկար գործատու-աշխատաշուկա կապի ձևավորման համար։