research
  • 31 Հու
  • 2022

ՀՌՀ ուսանողը դարձել է «Լավագույն ուսանող» անվանակարգի դափնեկիրներից մեկը

    Հաշվի են առնվել մի շարք գործոններ` բարձր առաջադիմությունը, ակտիվ գիտական գործունեությունը, հասարակական ակտիվությունը և այլն: 

    Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ, ուսխորհրդի ռազմահայրենասիրական ակումբի համաղեկավար և «Միջազգային հարաբերություններ» ուղղության 2-րդ կուրսի ուսանող Մարիամ Տոնականյանը դարձել է «Լավագույն ուսանող» անվանակարգի դափնեկիրներից մեկը: 

    Լավագույն ուսանողների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է հունվարի 25-ին` Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում` ռուս ուսանողության տոնին (Տատյանայի օր) նվիրված միջոցառման շրջանակներում: 

    Մարիամ Տոնականյան հավաստմամբ` մրցութային հանձնաժողովը հաղթողներին որոշելիս հաշվի է առել մի շարք գործոններ` բարձր առաջադիմությունը, ակտիվ գիտական գործունեությունը, հասարակական ակտիվությունը և այլն: 

    «Չնայած այն հանգամանքին, որ ես Հայ-Ռուսական համալսարան եմ ընդունվել 2020թ.-ին` համաճարակի և բացառապես առցանց կրթության ժամանակաշրջանում, ընդհանուր առմամբ, զրկված չէի ուսանողական կյանքից: Այո, կորոնավիրուսը թելադրում էր իր կանոնները, բայց համալսարանի շնորհիվ ինձ հաջողվեց փորձել ուժերս տարբեր ոլորտներում»,- նշել է նա` հավելելով, որ այս պահին աշխատում է հայ-իրանական հարաբերությունների թեմայի վրա (թեմայի ղեկավար` ՀՌՀ-ի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Ռուբեն Էլամիրյան):

    Նշենք, որ Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում կայացած միջոցառման անցկացմանն աջակցել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը և այլն: