- 17 Դեկ
- 2025
ՌՀՀ ներկայացուցիչները մասնակցեցին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությանը
Ծրագիրը համատեղ իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։
Ռուս-Հայկական համալսարանի պատվիրակությունը մասնակցեց 2025 թվականի «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությանը»։
Նշենք, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն» ծրագիրը համատեղ իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։
Ինչպես նշեցին բացման արարողության ժամանակ կազմակերպիչները, ծրագրի նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Մրցույթն անցկացվել է երկու հիմնական անվանակարգերով՝ հեռուստա/ռադիո արտադրանք և տպագիր ու էլեկտրոնային նյութեր։ Մասնակից լրագրողները ներկայացրել են հետաքննական, վերլուծական և պատմողական աշխատանքներ, որոնք անդրադարձել են թրաֆիքինգի սոցիալական, իրավական և մարդկային կողմերին։ Այսօր հաղթողները ստացան մրցանակներ։ Նրանք միաձայն կարևորեցին նման նախաձեռնությունների դերը լրագրության ոլորտում։
Միջոցառմանը մասնակցում էին ՌՀՀ ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական Մարթա Մելիքսեթյանը, Ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը, Ռուս-Հայկական համալսարանի մամուլի խոսնակ Դիանա Խոդերյանը և լրագրության բաժնի ուսանողներ։
«Իրավական խնդիրների բարձրորակ լուսաբանումը օգնում է օբյեկտիվ հասարակական կարծիքի ձևավորման գործում և բարձրացնում է հանրության իրազեկվածության մակարդակը։ Նման միջոցառումները կարևոր են լրագրության ոլորտի կրթական գործընթացը կազմակերպելու տեսանկյունից, քանի որ ցույց են տալիս տեղեկատվական դաշտի արդի խնդիրները և հնարավորություն տալիս ստեղծել արդյունավետ հաղորդակցական կապեր մասնագիտական համայնքի հետ», — նշել է Մարինա Ալեքյանը։
Մարթա Մելիքսեթյանը որպես իրավապահ համակարգում մեծ փորձ ունեցող մասնագետ իր հերթին կարևորեց թրաֆիքինգի թեմայի գրագետ իրավական լուսաբանումը։
«Թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի գրագետ իրավական լուսաբանումը կարևոր դեր ունի տարբեր սոցիալական գործընթացների համատեքստում, ինչպես նաև օգնում է իրավապահ համակարգին նման հանցագործությունների բացահայտման հարցում», — ընդգծել է նա։
Մրցանակաբաշխության ավարտին կազմակերպիչները հորդորեցին երիտասարդ լրագրողներին ակտիվ գործունեություն ծավալել այս արդիական սոցիալական թեմայի շուրջ։







