research
  • 25 Մար
  • 2022

Գառնիկ Կարապետյանի անվան օլիմպիադային մասնակցել է ավելի քան 90 աշակերտներ

    Հաղթողները առավելություն կունենան Հայ-Ռուսական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ուղղությամբ ընդունվելիս։

    Հայ-Ռուսական համալսարանում մարտի 6-ին տեղի է ունեցել Գառնիկ Կարապետյանի անվան ամենամյա օլիմպիադան «Մաթեմատիկա» առարկայից, որին մասնակցել են ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ավելի քան 90 աշակերտներ։

    Օլիմպիադայի արդյունքներով` առաջին տեղը զբաղեցրել է Արեգ Մկրտչյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 10-րդ դասարան), 2-րդ տեղը` Հովհաննես Հակոբյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան), երրորդը` Աշոտ Կարապետյանը («Ֆոտոն» գիմնազիա, 11-րդ դասարան): 

    Հաղթողները առավելություն կունենան Հայ-Ռուսական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ուղղությամբ ընդունվելիս։ 

    Պատվոգրերի են արժանացել Հայկ Աղայանը («Քվանթ» գիմնազիա), Հայկ Թումանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց), Համլետ Պետրոսյանը («Քվանթ» գիմնազիա), Միքայել Ղազարյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց), Վահան Աղեկյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց), Սերգեյ Ներսեսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց), Վահագն Հարությունյանը («Ֆոտոն» գիմնազիա), Ադելինա Միքայելյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց), Ռազմիկ Պարզյանը («Քվանթ» գիմնազիա), Նարեկ Ֆռնդժյանը («Ֆոտոն» գիմնազիա): 

    Գառնիկ Կարապետյանի անվան օլիմպիադայի հաղթողներին մարտի 25-ին կայացած մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում կայացել է նաև խնդիրների լուծման քննարկում:  

    ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ Արման Դարբինյանի խոսքով` օլիմպիադային ներկայացված խնդիրները չունեն լուծման միասնական ալգորիթմ. ամեն խնդիր յուրահատուկ է, որի լուծման համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ և գաղափարներ: 

    Հիշեցնենք, որ հայտնի գիտնական, մաթեմատիկոս Գառնիկ Կարապետյանը Հայ-Ռուսական համալսարանի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրենն էր, որը մինչև այդ երկար տարիներ գլխավորել էր ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնը, կյանքից անժամանակ հեռացել է 2018թ. նոյեմբերի 29-ին։ Նա միջազգային կարգի մասնագետ էր մաթեմատիկական անալիզի, դիֆերենցիալ հավասարումների, մաթեմատիկական ֆիզիկայի, մաթեմատիկական մոդելավորման ոլորտում։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը բազմաթիվ պարգևներ և մրցանակներ է ստացել, այդ թվում` Անանիա Շիրակացու մեդալը։ Բազմաթիվ ուսումնամեթոդական ձեռնարկների, գիտական հոդվածների հեղինակ է, հայտնի է ոչ միայն միջազգային կարգի գիտնականների շրջանում, այլ նաև լայն հանրությանը` դպրոցականների համար նախատեսված «Բաց դաս» կրթական հաղորդումների շարքի շնորհիվ։