research
  • 04 Մար
  • 2026

ՌՀՀ-ում նշեցին Լապտերների տոնը

    ՌՀՀ Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնը կազմակերպել էր «Լույսի և ստվերի միջև․ ներդաշնակության հայեցակարգը չինական փիլիսոփայական ավանդույթում» թեմայով դասախոսություն՝ նվիրված Լապտերների տոնին։

    ՌՀՀ Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնը մարտի 3-ին կազմակերպել էր «Լույսի և ստվերի միջև․ ներդաշնակության հայեցակարգը չինական փիլիսոփայական ավանդույթում» թեմայով դասախոսություն՝ նվիրված Լապտերների տոնին։

    Դասախոսությամբ հանդես եկավ չինական քաղաքական մտքի և Չինաստանի արտաքին քաղաքականության հետազոտող, գիտական հրապարակումների հեղինակ, ՌՀՀ Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի և Կենտրոնի հրավիրյալ դասախոս Արուսյակ Հովհաննիսյան (王露莎 — Վան Լուշա)։

    Դասախոսության ընթացքում Արուսյակ Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչպես է ներդաշնակության գաղափարը ձևավորվել Հին Չինաստանի հիմնական փիլիսոփայական դպրոցներում՝ հատկապես կոնֆուցիականությունում և դաոսականությունում, և ինչպես է այն ձևավորել մարդու, հասարակության և բնության փոխհարաբերությունների ընկալումը։ Նրա խոսքով՝ ներդաշնակությունը չինական փիլիսոփայական ավանդույթի առանցքային հասկացություններից է, որի հիմքում ընկած է աշխարհը որպես փոխլրացնող ուժերի դինամիկ միասնություն դիտարկելու գաղափարը։

    Օրը եզրափակվեց լապտերների բացթողման գեղեցիկ արարողությամբ, որոնք չինական մշակույթում համարվում են հույսի և նվիրական ցանկությունների իրականացման խորհրդանիշ։