research
  • 07 Հոկ
  • 2025

ՌՀՀ դասախոսները անցել են մեթոդական վերապատրաստման դասընթացներ

    Ծրագիրը տևել է վեց ամիս և նպատակ է ունեցել զարգացնել մասնագիտական հմտություններն ու բարձրացնել մանկավարժական վարպետությունը։

    Ռուս-Հայկական համալսարանի ինը դասախոսներ Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում անցել են մեթոդական վերապատրաստման դասընթացներ՝ ուսուցչի որակավորում և դպրոցում դասավանդելու իրավունք ստանալու նպատակով։
     
    Ծրագիրը տևել է վեց ամիս և նպատակ է ունեցել զարգացնել մասնագիտական հմտություններն ու բարձրացնել մանկավարժական վարպետությունը։ Դասընթացների ընթացքում ՌՀՀ դասախոսները լսել են շարք մասնագիտական դասախոսություններ, մասնակցել գործնական պարապմունքների և մանկավարժական վերապատրաստումների, ինչպես նաև պատրաստել ու պաշտպանել դիպլոմային աշխատանքներ՝ ցուցադրելով ժամանակակից դասավանդման մեթոդների բարձր տիրապետում։

    ՌՀՀ Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի դասախոս, ՌՀՀ «Ուսմունք» դպրոցի ուսուցիչ, ռեկտորի օգնական Մանանա Դալլաքյանը նշեց․

    «Այս դասընթացները մեզ համար ոչ միայն ուսուցչի որակավորում ստանալու հնարավորություն էին, այլև մասնագիտական զարգացման նոր փուլ։ Մենք կարողացանք նորովի դիտարկել կրթական գործընթացը, փոխանակվել փորձով գործընկերների հետ և կիրառել ժամանակակից մեթոդական մոտեցումներ ուսուցման մեջ»։
     
    Նշենք, որ ուսուցչի որակավորում և դպրոցում դասավանդելու իրավունք ստանալու մեթոդական վերապատրաստման դասընթացների իրականացումը կարևոր քայլ է Ռուս-Հայկական համալսարանի մանկավարժական ներուժի զարգացման ուղղությամբ։