- 09 Հու
- 2022
Թոփ-1000 | ՀՌՀ-ն՝ աշխարհի լավագույն բուհերի շարքում
Այս տարվա վարկանիշում ներառվել է մոտ 1500 բուհ Եվրոպայից, Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից:
Հայ-Ռուսական համալսարանն առաջին անգամ ընդգրկվել է «QS World University Ranking 2023» աշխարհի լավագույն բուհերի հանրահայտ վարկանիշային աղյուսակում, որտեղ ներառված է ընդամենը երկու հայկական բուհ։
Այս տարվա վարկանիշում ներառվել է մոտ 1500 բուհ Եվրոպայից, Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից։ Վարկանիշում գնահատվում է համալսարանի գործունեության ութ ցուցանիշ: Դրանցից կարևորագույնը տվյալ համալսարանի ակադեմիական-կրթական հեղինակությունն է, ինչպես նաև օտարերկրացի ուսանողների թիվը։ Բացի այդ՝ գնահատվում է նաև տվյալ համալսարանի շրջանավարտների մասնագիտական որակներն և մրցունակության մակարդակը համաշխարհային աշխատաշուկայում, ուսանող-դասախոս հարաբերակցությունը, ֆակուլտետների (ինստիտուտների) կատարած հետազոտական աշխատանքները և այլն:
Հիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանն արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում լավագույն բուհն է QS EECA University Rankings Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բուհերի ամենամյա վարկանիշում (128-րդ տեղ)՝ գերազանցելով վարկանիշում ընդգրկված հայկական բոլոր բուհերին՝ ԵՊՀ-ին (173 տեղ), ՀՊՏՀ-ին (241-250) և ՃՇՀԱՀ-ին (251-300) և ՀԱՀ-ին (301-350):
Նշենք նաև, որ QS World University Rankings-ն առաջին անգամ հրապարակվել է 2004թ.՝ Times Higher Education հանրահայտ ամսագրի հետ համագործակցությամբ, իսկ հետագա տարիներին` սեփական մեթոդիկայով: Ներկայումս այն համարվում է աշխարհի ամենաընդգրկուն վարկանիշային համակարգերից մեկը: