research
  • 28 Հու
  • 2023

ՀՌՀ մագիստրանտ Էմմա Շահնազարյանն արժանացել է առաջին աստիճանի դիպլոմի՝ «Լավագույն գիտահետազոտական աշխատանք» անվանակարգում

    Հայ-Ռուսական համալսարանը և Օրենբուրգի պետական մանկավարժական համալսարանը համատեղ կազմակերպել են «Հոգեբանամանկավարժական գիտությունների և ժամանակակից կրթական պրակտիկայի ինտեգրում» համաժողովը:

    Հայ-Ռուսական համալսարանը և Օրենբուրգի պետական մանկավարժական համալսարանը համատեղ կազմակերպել են «Հոգեբանամանկավարժական գիտությունների և ժամանակակից կրթական պրակտիկայի ինտեգրում» 6-րդ միջազգային ուսանողական գիտագործնական համաժողովը: Համաժողովը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Օրենբուրգում (Ռուսաստանի Դաշնություն):

    «Հոգեբանամանկավարժական գիտությունների և ժամանակակից կրթական պրակտիկայի ինտեգրում» համաժողովն իր շուրջը համախմբել էր ավելի քան 70 ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների, որոնք առկա ձևաչափով ներկա էին ինչպես լիագումար նիստին, այնպես էլ հնարավորություն են ունեցել համաժողովին միանալ նաև առցանց ձևաչափով: Համաժողովի լիագումար նիստի ծրագրում ներառված էին բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների զեկույցները հոգեբանության արդիական խնդիրների վերաբերյալ. անձի զարգացման հոգեբանական խնդիրները կրթության համակարգում, անձի մասնագիտական զարգացման հոգեբանական ասպեկտները և այլն: 

    Հայ-Ռուսական համալսարանի Հոգեբանության ամբիոնի բակալավրիատի ուսանողները, ինչպես նաև ասպիրանտները ներկայացրել են իրենց գիտական աշխատանքները. Էմմա Շահնազարյանը հանդես է եկել «Բոլոնիական հռչակագրի կիրառման արդյունքների ուսումնասիրման հոգեբանական ասպեկտները բարձրագույն կրթության համակարգում» թեմայով զեկույցով, Լաուրա Լուլուկյանը պատմել է ուսանողների միջև էթնիկական նույնականության և հանդուրժողականության հարաբերությունների փոխկապակցվածության մասին տարբեր սոցիալ-մշակութային միջավայրերում (Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերի և Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերի օրինակով), իսկ Աննա Կետովան ներկայացրել է «Հուզական ինտելեկտի ինտեգրատիվ մակարդակի և անձի էթնիկական նույնականության տեսակների փոխկապակցվածությունը» (ՀՀ և ՌԴ երիտասարդության օրինակով) թեմայով զեկույց: Վերոնշյալ զեկույցների գիտական ղեկավարն է ՀՌՀ-ի Հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասյա Բերբերյանը։

    Հայ-Ռուսական համալսարանի «Անձի հոգեբանություն» ուղղության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Էմմա Շահնազարյանն արժանացել է առաջին աստիճանի դիպլոմի՝ «Լավագույն գիտահետազոտական աշխատանք» անվանակարգում մրցույթի արդյունքներով։ 

    «Օրենբուրգի պետական մանկավարժական համալսարանի մեզ կապում է երկարաժամկետ արդյունավետ համագործակցություն. մենք արդեն անցկացրել ենք համատեղ միջազգային համաժողովներ, և այս գիտաժողովը, կարծում եմ, որ ևս մեկ խթան կհանդիսանա արդյունավետ համագործակցության հետագա զարգացման համար։ Ուրախալի է, որ այս համաժողովն անցկացվել է Հայ-Ռուսական համալսարանի հետ համատեղ, որը հնարավորություն է ընձեռել մեր ուսանողներին իրականացնել փորձի փոխանակում ռուս ուսանողների հետ, հնարավորություն է տվել խոսել իրենց հետազոտությունների մասին, մշակել ընդհանուր լուծումներ գիտական հետազոտություններում և ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ», - նշել է ՀՌՀ-ի Հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասյա Բերբերյանը։ 

    «Հոգեբանամանկավարժական գիտությունների և ժամանակակից կրթական պրակտիկայի ինտեգրում» 6-րդ միջազգային ուսանողական գիտագործնական համաժողովը լավ հարթակ է դարձել գիտական հետազոտությունների ասպարեզում լավագույն փորձի փոխանակման համար: