- 21 Դեկ
- 2022
ՀՌՀ-ն և TUMO LABS-ը ստորագրել են համագործակցության հուշագիր
Արմեն Դարբինյան. «Մենք շատ կարևորում ենք ԹՈՒՄՈ-ն՝ հայկական կրթական բրենդն աշխարհում առաջ տանելու համար»
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի համաձայն կողմերը համատեղ ջանքերով ուսանողներին ներգրավելու են Թումո լաբերի ինքնուսուցման անվճար ծրագրում:
«Մենք շատ կարևորում ենք ԹՈՒՄՈ-ն՝ հայկական կրթական բրենդն աշխարհում առաջ տանելու համար, նաև շատ բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը, ոգեշնչված ենք նոր հեռանկարներով և ջանքեր չենք խնայելու մեր համագործակցությունը էլ ավելի զարգացնելու և ընդլայնելու համար»,- նշել է Արմեն Դարբինյանը։
Ըստ հուշագրի՝ կողմերը փոխադարձ ճանաչելու են կրեդիտները և մասնագիտական, և ոչ մասնագիտական առարկաների համար։
Թումո լաբերի կրթական ծրագիրը կազմված է ուղղորդված ինքնուսուցման և գործնական նախագծերի բաղադրիչներից` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել գիտելիքներ տեխնոլոգիաների, կիրառական գիտության և ինժեներության ոլորտներում, այնուհետև ամբողջացնել դրանք գործնական հմտություններով։ Վարժանքների ամեն մի մակարդակի վերջում ինքնուսուցման մասնակիցներն իրականացնելու են մինի-նախագծեր, որոնք օգնելու են իրենց հասկանալ, թե որքանով են յուրացրել այդ մակարդակի թեմաները։
Իր հերթին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանն ասել է հետևյալը․ «ԹՈՒՄՈ-ն սկսել են կարևորել ակադեմիական միջավայրում, այն կարևոր է դառնում բուհերի համար, և սա կարևոր ու առանցքային հանգամանք է մեզ համար»։
Նշենք, որ վերոնշյալ ծրագրի վարժանքները և մինի-նախագծերը հաջողությամբ կատարելուց հետո ուսանողներն արդեն հնարավորություն են ստանալու մասնակցել ՏՏ ընկերությունների հետ Թումո լաբերի գործնական նախագծերին: