research
  • 20 Փետ
  • 2026

ՌՀՀ-ում մեկնարկել է միջբուհական «Ունիվերսիադա-2026»-ը

    «Ունիվերսիադա-2026»-ը միավորեց Հայաստանի 22 բուհ։

    Փետրվարի 20-ին Ռուս-հայկական համալսարանում տեղի ունեցավ միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ «Ունիվերսիադա-2026»-ի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացումը սկսվեց Հայաստանի զինված ուժերի պատվո պահակային վաշտի ելույթով։ 

    «Մենք ուրախ ենք արդեն իններորդ անգամ կազմակերպել Ունիվերսիադան մեր համալսարանի պատերի ներքո։ Այս տարի մենք նշում ենք յուրահատուկ ռեկորդ. մրցումներում մասնակցում են Հայաստանի 22 առաջատար բուհերի ներկայացուցիչներ։ Ունիվերսիադան դարձել է մեզ համար սիրելի ավանդույթ։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային։ Մենք բարձր ենք գնահատում մեր բազմամյա համագործակցությունը և ուրախ ենք տեսնել գործընկերներին ոչ միայն ակտիվ մասնակիցների կարգավիճակով, այլ նաև որպես վստահելի համակազմակերպիչներ», – ողջունեց հյուրերին ու մասնակիցներին ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը։

    Ունիվերսիադայի նպատակն է ստեղծել առանձնահատուկ բարեկամական մթնոլորտ, որտեղ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու և շփվելու միմյանց հետ, ինչպես նաև մասնակցելու մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթների։

    «Ունիվերսիադա-2026»-ի մասնակիցները կմրցեն մարզական (ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, լող, հրաձգություն, պտտաձողի ձգումներ, սեղանի թենիս, հեծանվասպորտ, վազք և շախմատ), մշակութային (պար, թատերական արվեստ, երգեցողություն, սոցիալական հոլովակ և ՈՒՀԱ) և ինտելեկտուալ («Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ։») մրցույթներում։

    Նշենք, որ «Ունիվերսիադա»-ն անցկացվում է ամեն տարի՝ 2014 թվականից ի վեր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ։