research
  • 15 Մայ
  • 2026

ՌՀՀ-ում կայացավ «Իրավունքի հիմունքներ» առարկայի միջբուհական մրցույթ-վիկտորինան

    Մրցույթ-վիկտորինան միավորել էր Ռուս-Հայկական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողներին:

    «Իրավունքի հիմունքներ» առարկայի միջբուհական մրցույթ-վիկտորինան, որը միավորել էր Ռուս-Հայկական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողներին, կայացավ Ռուս-Հայկական համալսարանում մայիսի 14-ին:

    Վիկտորինային մասնակցում էին առաջին կուրսի ուսանողներից կազմված վեց թիմ։ Մասնակիցները պատասխանեցին տեսական հարցերի, իրականացրին վերլուծական աշխատանքներ և լուծեցին իրավիճակային իրավական խնդիրներ՝ ցուցադրելով մասնագիտական պատրաստվածության մակարդակը, իրավական վերլուծության հմտություններն ու թիմային աշխատանքի կարողությունները։

    Մասնակիցների աշխատանքը գնահատում էր մասնագիտական ժյուրին, որի կազմում ընդգրկված էին ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր, ի.գ.թ., դոցենտ Կարեն Ամիրյանը, ՌՀՀ Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Հասմիկ Ստեփանյանը, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի վարչության պետ, ի.գ.թ., դոցենտ Նելլի Առաքելյանը։

    Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի N3 թիմը: Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին երկու բուհերի համատեղ պատվոգրերով։ Բացի այդ, դասախոսներ Արթուր Ղամբարյանը և Հասմիկ Ստեփանյանը մասնակիցներին հանձնեցին իրենց հեղինակած «Պետության և իրավունքի տեսություն» ուսումնական ձեռնարկի օրինակներ։

    Առանձին անվանակարգերում լավագույն բանախոս ճանաչվեց ՌՀՀ ուսանողուհի Մարինե Կարապետյանը, իսկ լավագույն ավագի կոչման արժանացավ ՌՀՀ ուսանող Հրանտ Մուրադյանը:

    Ակտիվ մասնակցության համար խրախուսվեցին նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներ Հովհաննես Հայրապետյանը և Զարուհի Վարդանյանը։

    Ժյուրիի անդամները կարևորեցին նման միջոցառումների դերը ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացման, տեսական գիտելիքների ամրապնդման և իրավաբանական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության բարձրացման գործում՝ հույս հայտնելով, որ նման ձևաչափով միջբուհական համագործակցությունը կլինի շարունակական։

    Նշենք, որ միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը ՌՀՀ Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Հասմիկ Ստեփանյանն էր։