
- 07 Նոյ
- 2022
ՀՌՀ-ի շրջանավարտը թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել Գրոնինգենի համալսարանում
Հերմինե Բերբերյանը պարզաբանել է, որ իր ատենախոսական հետազոտությունը հոգեբանության, նեյրոգիտության, մաթեմատիկայի և մեքենայական ուսուցման մի յուրօրինակ սիմբիոզ է:
Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտ Հերմինե Բերբերյանը Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանում պաշտպանել է «Իմացական-ճանաչողական (կոգնիտիվ) փուլերի հայտնաբերում և հոգեվերլուծություն․ տարբեր առաջադրանքներում հիմնական փուլերի հայտնաբերում՝ մեքենայական ուսուցման կիրառմամբ, որը կիրառվում է EEG-ի և MEG-ի համար» (Cognitive Stage Detection and Interpretation: Discovering the Underlying Stages in Various Tasks Using Machine Learning Applied to EEG and MEG) թեմայով թեկնածուական ատենախոսությունը (PhD)։
Անդրադառնալով իր թեկնածուական թեզին՝ նա պարզաբանել է, որ իր ատենախոսական հետազոտությունը հոգեբանության, նեյրոգիտության, մաթեմատիկայի և մեքենայական ուսուցման մի յուրօրինակ սիմբիոզ է: «Ստացված արդյունքները կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում․ օրինակ, տարբեր փաստերի ուսուցման արդյունավետությունը բարելավելու համար կամ հնարավոր է նկարագրել ավելի արդյունավետ կամ պակաս արդյունավետ ուսուցման փուլերը։ Իսկ հետագայում նաև հնարավոր է օպտիմալացնել ուսումնական ծրագիրն՝ ավելի արագ կամ երկարաժամկետ մտապահման համար»,- նշել է Բերբերյանը։

Նշենք, որ Գրոնինգենի համալսարանը հիմնադրվել է 1614թ․-ին և դասվում է աշխարհի լավագույն համալսարանների շարքին (66-րդն է Academic Ranking of World Universities վարկանիշում, 75-րդը՝ World University Rankings 2023-ում):