- 19 Հոկ
- 2023
ՀՌՀ Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանը «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրության համահեղինակներից է
Ժողովածուի նպատակն է ինչպես հայ, այնպես էլ միջազգային լայն հանրությանը հաղորդակից դարձնել հայ իրավական ու սահմանադրական մշակույթի ձևավորման ու զարգացման ողջ տարեգրությանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչությունը և «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնը համատեղ լույս են ընծայել «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրության երկրորդ՝ վերանայված, լրացված հրատարակությունը: Ժողովածուի համահեղինակներից է ի․գ․դ․, պրոֆեսոր, Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանը:
Ժողովածուն ներկայացնում է հայկական հնագույն թագավորություններից (սկսած Ք.ա. Գ հազարամյակից) մինչև մեր ժամանակների հանրային հարաբերությունների զարգացման տարբեր ծալքերն ու առանձնահատկությունները, Աշխարհաժողովների, ապա ազգային-եկեղեցական ժողովների, դրանց ընդունված կանոնական սահմանադրությունների իրավագիտական դերն ու նշանակությունը: Համակողմանի համեմատական վերլուծության շրջանակներում ներկայացվում են ազգային-եկեղեցական ժողովները, «Կանոնագիրք հայոց»-ը, առանձին հեղինակների իրավագիտական երկերը, լեհահայոց և Աստրախանի հայոց դատաստանագրքերը, Շահամիրյանների «Որոգայթ փառաց»-ը, Արևմտահայոց ազգային սահմանադրությունը: Անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում (1918-1920 թթ.) սահմանադրության ստեղծմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև՝ Արցախյան շարժման նախօրեին և ընթացքում սահմանադրական պայքարի դրսևորումներին: Հատուկ ուշադրություն է դարձվում սահմանադրական մշակույթի արժեբանական արդի դրսևորումների համատեքստում նոր ժամանակների մարտահրավերներին:
Ժողովածուի նպատակն է ինչպես հայ, այնպես էլ միջազգային լայն հանրությանը հաղորդակից դարձնել հայ իրավական ու սահմանադրական մշակույթի ձևավորման ու զարգացման ողջ տարեգրությանը: