research
  • 24 Հու
  • 2025

Ռուս-Հայական համալսարանի թիմը կներկայացնի Հայաստանը Ժան Պիկտեի մրցույթին Թուրքիայում

    Մրցույթը իրավագիտության ուսանողների համար ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է և ընդգրկում է աշխարհի առաջատար համալսարանները։

    Ռուս-Հայական համալսարանի թիմը հաջողությամբ անցել է ընտրական փուլը և փետրվարի 8-15-ը կմասնակցի Ժան Պիկտեի 45-րդ մրցույթին (անգլալեզու փուլ), որը տեղի կունենա Թուրքիայում՝ Անթալիա քաղաքում։
     
    Թիմի անդամներն են՝ Քրիստինա Ավետիսյանը, Անի Ջրաղացպանյանը և Աննա Երիցյանը։ Թիմի մարզիչն է Իրավունքի ինստիտուտի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի դասախոս Նարեկ Աբգարյանը։
     
    Ժան Պիկտեի անվան մրցույթը յուրահատուկ կրթական հարթակ է, որի շրջանակում մոդելավորվում է զինված հակամարտության մտացածին սցենար։ Մասնակիցները հանդես են գալիս տարբեր դերերում՝ որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի կառույցներ կամ հակամարտող կողմերի իրավական խորհրդատուներ։
     
    Մրցույթը իրավագիտության ուսանողների համար ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է և ընդգրկում է աշխարհի առաջատար համալսարանները։ Այն բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալ մարդու իրավունքների պաշտպանության պրակտիկ խնդիրներին և զարգացնել հմտություններ դինամիկ իրավիճակներում։
     
    Մրցույթն անցկացվում է 1989 թվականից ի վեր և անվանակոչվել է շվեյցարացի իրավաբան Ժան Պիկտեի (1914–2002) պատվին, ով եղել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահը և 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաների ու դրանց 1977 թվականի լրացուցիչ արձանագրությունների համահեղինակը։