- 18 Փետ
- 2025
ՌՀՀ-ի Իրավունքի ինստիտուտի թիմը հաղթել ե Ջեսափ-2025 մրցույթի ազգային փուլում և կներկայացնի Հայաստանը միջազգային եզրափակչում
Ֆիլիպ Ջեսափի անվան մրցույթը աշխարհի ամենամեծ միջազգային իրավունքի մրցույթն է, որին ամեն տարի մասնակցում են մոտ 700 թիմեր 100 երկրներից:
Ռուս-Հայկական համալսարանի թիմը փայլուն ներկայացրեց համալսարանը միջազգային իրավունքի հեղինակավոր Philip C. Jessup International Law Moot Court Competition մրցույթի ազգային փուլում, որը կայացավ փետրվարի 8-ին:
Համալսարանը ներկայացնում էին մագիստրատուրայի I կուրսի ուսանողներ՝ Դիանա Գրիգորյանը, Մանե Սարգսյանը և Ալինա Դանիելյանը: Փորձառու մարզիչների՝ քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոսներ Շուշաննա Ալեքսանյանի և Արեգ Մալխասյանի առաջնորդությամբ, մեր ուսանողները ցուցադրեցին բարձր պատրաստվածություն, իրավաբանական արվեստի և հռետորական հմտություններ:
Առաջին փուլում մեր թիմը մրցեց Հայաստանի Ֆրանսիական համալսարանի թիմի հետ, իսկ երկրորդ փուլում՝ Երևանի պետական համալսարանի թիմի հետ: Եզրափակչում մեր ուսանողները կրկին հանդիպեցին Ֆրանսիական համալսարանի թիմի հետ և հաղթանակ տարան: Եզրափակչի դատավորներն էին միջազգային իրավունքի հայտնի մասնագետներ Եղիշե Կիրակոսյան, Արա Խզմալյանը և Դիանա Լեոնիդին:
Ֆիլիպ Ջեսափի անվան մրցույթը աշխարհի ամենամեծ միջազգային իրավունքի մրցույթն է, որին ամեն տարի մասնակցում են մոտ 700 թիմեր 100 երկրներից: Այն մոդելավորում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանում դատավարությունը, պահանջելով մասնակիցներից ոչ միայն գրավոր մեմորանդումներ պատրաստել, այլ նաև ցուցադրել հրապարակային խոսքի հմտություններ:
Մենք հպարտանում ենք մեր ուսանողներով և մաղթում ենք նրանց հաջողություն միջազգային փուլում:







