- 04 Հու
- 2023
ՀՌՀ Գիտության դեպարտամենտի աշխատակիցը մասնակցել է Ջ. Առնոլդի անվան միջազգային գիտաժողովին
Այս տարի միջազգային ամառային համաժողովը նվիրված էր կրթական արդարությանը և կայուն խաղաղության հաստատմանը։
ՀՌՀ Գիտության դեպարտամենտի տեղեկատվական և վերլուծական ապահովման գլխավոր մասնագետ, ՀՌՀ Հումանիտար գիտությունների ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Մարինա Քալաշյանը մասնակցել է Ջ. Առնոլդի անվան «Educational Justice and Sustainable Peace: Access, Participation and Technology» ամենամյա միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր Գեորգ Էկերտի ինստիտուտը։ Այն տեղի է ունեցել հունիսի 26-29-ը Բրաունշվեյգում (Գերմանիա):
Այս տարի միջազգային ամառային համաժողովը նվիրված էր կրթական արդարությանը և կայուն խաղաղության հաստատմանը։ Մասշտաբային միջոցառմանը մասնակցել են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Իսրայելի, Լեհաստանի, Հնդկաստանի, Նիգերիայի, Կամերունի և այլ երկրների հետազոտողները։ Մասնակիցների գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր կրթության, մանկավարժության, սոցիոլոգիայի, միջազգային հարաբերությունների փիլիսոփայության լայն շրջանակ։
Համաժողովի շրջանակներում Մարինա Քալաշյանը հանդես է եկել «Դեպի արդար կրթություն. էթիկական մոտեցում կառուցվածքային և մշակութային հակամարտությունների դեմ» թեմայով զեկույցով՝ նվիրված ժամանակակից կրթական տեսությունների և դրանց հետստրուկտուրալիստական քննադատության հարաբերակցության խնդրին արդարության փիլիսոփայական տարբեր մոտեցումների հետ (Ջ. Ռոլս, Պ. Ռայքեր, Ջ. Հաբերմաս, Մ. Բուբեր)։
Նրա խոսքով՝ կրթական գործընթացի ժամանակակից միտումներն ավելի զգայուն են դառնում Մ. Բուբերի «Ես - դու» վավերական հաղորդակցության էկզիստենցիալիստական մեկնաբանության նկատմամբ:
«Թեև կրթության իրավունքը երաշխավորված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով 1948թ.-ից, հաճախ ընդունվում է այն փաստը, որ տվյալ իրավունքի արդյունավետ իրացումը կրթական հավասարության և արդարության ձևով իրացվել է անհավասար և, ընդհանուր առմամբ, ոչ բավարար աստիճանի: Արդեն 21-րդ դարում համաշխարհային քաղաքացիականության կրթությունը և խաղաղության կրթությունը սկսել են բախվել հետստրուկտուրալիստական քննադատություններին և մեղադրվել կառուցվածքային և մշակութային բռնության թաքնված գաղութային ձևեր ժառանգելու մեջ, որոնք խոչընդոտում են աշխարհի ավելի ընդգրկուն համաշխարհային հայեցակարգ ստեղծելու ջանքերին»,- նշել է Քալաշյանը։
Նշենք, որ Գեորգ Էկերտի ինստիտուտը (Լեյբնիցի միջազգային մեդիա հետազոտությունների ինստիտուտ) խոշոր գիտահետազոտական կենտրոն է, որը ներգրավված է մի շարք գիտահետազոտական և կրթական ծրագրերում։ Դրանց թվում կարևոր տեղ է զբաղեցնում Ջ. Առնոլդի ծրագիրը, որը բաղկացած է երեք բաղադրիչից, այդ թվում՝ միջազգային ամառային համաժողովը, որտեղ հրավիրվում են գիտնականներ և փորձագետներ՝ քննարկելու այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են ծայրահեղականության կանխարգելումը կրթության միջոցով, կրթությունը ծայրահեղ պայմաններում, կրթությունը մարդու իրավունքների ոլորտում, անցումային արդարադատություն և այլն: