- 18 Նոյ
- 2022
Գրիգոր Մանթաշյան․ «Ես սիրում եմ բարդ խնդիրների լուծման ընթացքը, և գիտության մեջ ամենաարդի ու բարդ խնդիները քվանտային ֆիզիկայում են»։
Զրուցեցինք ՀՌՀ մագիստրանտ Գրիգոր Մանթաշյանի հետ բուհի և իր ընտրած ֆակուլտետի, Ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների մասին, ոլորտի զարգացման և շատ այլ հարցերի շուրջ։
Գրիգոր Մանթաշյանը Հայ-Ռուսական համալսարանի «Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա» ուղղության II կուրսի մագիստրանտ է (մագիստրոսական ծրագիր՝ «Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկա»): Վերջերս մրցանակ է ստացել՝ ՀՀ պետական մրցանակ ՏՏ ոլորտում, արժանացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի կրթաթոշակին։
Մենք զրուցեցինք Գրիգորի հետ բուհի և իր ընտրած ֆակուլտետի, Ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների մասին, ոլորտի զարգացման և շատ այլ հարցերի շուրջ։
- Ինչու՞ Հայ-Ռուսական համալսարան և ինչու՞ հենց Էլեկտրոնիկայի և նանոԷլեկտրոնիկայի ֆակուլտետ։
- Ես ցանկանում էի ֆիզիկա սովորել և գիտեի, որ ՀՌՀ-ում համապատասխան բաժին կա, որտեղ դասավանդում են հեղինակավոր ֆիզիկոսներ։ Գիտեի, որ խումբը ունի ուժեղ միջազգային կապեր և լավ ներանձնական մթնոլորտ։
- Ինչպե՞ս ծնվեց սերը ապագա մասնագիտության նկատմամբ։
- Սերը գրեթե ծնված օրվանից եղել է դեպի ֆիզիկան և միայն շատացել է այն հանգամանքից ելնելով, որ իմ ընտանիքի անդամների մեջ կային ֆիզիկոսներ։ Ավելի ուշ ես հասկացա, որ սիրում եմ բարդ խնդիրների լուծման ընթացքը, և գիտության մեջ ամենաարդի ու բարդ խնդիները քվանտային ֆիզիկայում են։
- Իհարկե, հիշողությունները անպակաս են ուսանողի կյանքից։ Պատմեք, խնդրում եմ, որևէ դեպք, որը տպավորվել է Ձեր մեջ։
- Կյանքիս այս հատվածում ամենավառ հիշողությունները կապված են իմ արտասահմանյան այցերի և կուրսով հավաքույթների հետ։
- Ի՞նչ ծրագրերի եք մասնակցել ֆիզիկայի ոլորտում, և արդյոք դա իր դերն է ունեցել Ձեր հետագա ուղու վրա։
- Լինելով Հայ-Ռուսական համալսարանի ուսանող, դու ունես բազմաթիվ հնարավորություններ սովորելու և կրթվելու համար։ Առաջին կուրսում` 2017թ-ին, ես գնացել եմ «ICTP Winter College on Extreme Non-linear Optics, Attosecond Science and High-field Physics» ձմեռային դպրոց, որը բացվել էր Իտալիայի Տրիեստ քաղաքում գտնվող Թեորետիկ Ֆիզիկայի Միջազգային Կենտրոնի (ICTP) կողմից։ Այնուհետև, 2021թ-ին ես մեկնեցի Սիցիլիայում գտնվող Էտորրե Մաջորանայի անվան Գիտական Մշակույթի կենտրոն` մասնակցելու ևս մեկ գիտական դպրոցին։ Իսկ վերջերս ՀՌՀ-ի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկարուցվածքների ամբիոնի թիմով այցելել էինք Հունաստանում գտնվող «Պատրասի» Համալսարան։ Այս այցերի ընթացքում ես հնարավորություն ունեի շփվելու աշխարհի առաջատար մասնագետների և ուսանողների հետ ու հաստատել կապեր` հետագա համագործակցության համար։
- Ֆիզիկան և առհասարակ բնագիտամաթեմատիկական առարկաները ի՞նչ դեր ունեն յուրաքանչյուր երկրի զարգացման գործում։
- Հարկավոր է հասկանալ, որ եթե երկիրը հարուստ չէ բնական ռեսուրսներով, դա դեռ չի նշանակում, որ տվյալ երկիրը չի կարող ունենալ հզոր տնտեսություն։ Դա միայն և միայն հնարավոր է բարձր տեխնոլոգիաների արտահանման և այդ ոլորտում ծառայությունների մատուցման միջոցով։ Շատ դժվար է պատկերացնել բարձր տեխնոլոգիական արտադրություն առանց ֆիզիկայի, մաթեմատիկայի կամ բնագիտության։
- Ի՞նչ է պետք քվանտային օպտիկայի և քվանտային ինֆորմատիկայի բնագավառում լավ մասնագետ դառնալու համար։
- Պետք է նշել, որ այս ոլորտը գիտական է, ինչը նշանակում է, որ պատասխանը կարող ենք բաժանել երկու մասի. այն, ինչը կախված է քեզանից, և այն, ինչը կախված է քո գիտական ղեկավարից։ Որպեսզի լավ գիտնական դառնաս, առհասարակ պետք է սովորես լուծել այն խնդիրները, որոնք լուծելու համար դու մինչ քո առջև այդ խնդիրը դնելը անհրաժեշտ գործիքներին միգուցե չես էլ տիրապետել։ Իմ կարծիքով, պետք չէ ֆիքսվել գործիքների վրա ավելի, քան անհրաժեշտ է տվյալ խնդրի համար։ Բայց, իհարկե, պետք է տիրապետել բազային գիտելիքների, որոնք իմ ոլորտում քվանտային մեխանիկան են և պինդ մարմնի ֆիզիկան։ Քեզանից նաև կախված է լավ ղեկավար ընտրելը։
Լավ գիտական ղեկավարը, տեղյակ լինելով ոլորտում նորագույն զարգացումների մասին, դնում է ուսանողի առջև խնդիրն ու նշում է, թե ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել, տրամադրում է գիտական հոդվածներ և անհրաժեշտ գործիքների ցանկ։ Ղեկավարի հարցում իմ բախտը բերել է՝ շնորհակալ եմ ՀՌՀ-ի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկարուցվածքների ամբիոնի վարիչ Դավիթ Բորիսի Հայրապետյանին։
- Ո՞րն է եղել Ձեր կարդացած վերջին գիրքը։ Ի՞նչ եք կարծում, գիրք կարդալը օգնում է ավելի հմտանալ մասնագիտության մեջ։
- Եթե խոսքը ոչ մասնագիտական գրքերի մասին է` «On the psychology of military incompetence․ Norman F Dixon»: Այս գիրքը ես կարդացի երկրորդ զինակոչից վերադառնալուց հետո։ Մասնագիտական զարգացման նպատակով գիրք կարդալը կարող է օգնել միջանձնային հարաբերությունները հասկանալու համար։ Իսկ մասնագիտության մեջ հմտանալու համար պետք է կարդալ մասնագիտական գրքեր և գիտական հոդվածներ. առանց դրա, իմ կարծիքով, հնարավոր չէ գիտնական դառնալ։
-Եվ վերջապես, ի՞նչ տվեց Ձեզ Հայ-Ռուսական համալսարանը։ Ի՞նչ խորհուրդ կտաք հետագա դիմորդներին։
- Ամենամեծ հնարավորությունը կայանում է նրանում, որ հնարավորություն ես ստանում շփվելու հարյուրավոր տարբեր մարդկանց հետ՝ հաստատելով կարևոր կապեր և ստեղծելով նոր ընկերություններ։ Մեր բաժնի ծրագիրը գրեթե ամեն տարի փոխվում է, դուրս են գալիս ավելորդ առարկաները, ավելանում են ավելի կարևորները։ Հետագա դիմորդներին կասեմ, որ մենք ունենք ուսման և գիտական այցերի մի շարք հնարավորություններ, ինչպես նաև անընդհատ զարգացող գիտական խումբ: Եթե ուզում եք ֆիզիկայի ուղղությամբ շարունակել` դիմեք։
Արուս Մելիքյան
Նենսի Աբրահամյան
(«Լրագրություն», II կուրս)
(«Լրագրություն», II կուրս)