- 16 Մայ
- 2023
ՀՌՀ-ում մեկնարկել է «NanoQIQO: School on Optics and Photonics 2023» միջազգային դպրոցը
Ծրագրում ներառված են քվանտային օպտիկան, քվանտային ինֆորմատիկան, քվանտային քիմիան, քվանտային ֆոտոնիկան և կառուցվածքային լույսը:
Հայ-Ռուսական համալսարանում մայիսի 15-ին մեկնարկել է օպտիկայի և ֆոտոնիկայի «NanoQIQO: School on Optics and Photonics 2023» միջազգային դպրոցը, որի ընթացքում դասախոսություններով և տեսական սեմինարներով են հանդես գալու աշխարհի առաջատար գիտահետազոտական ինստիտուտների և մասնավոր ընկերությունների գիտնականները և մասնագետները։ Ծրագրում ներառված են քվանտային օպտիկան, քվանտային ինֆորմատիկան, քվանտային քիմիան, քվանտային ֆոտոնիկան և կառուցվածքային լույսը:
«Առաջատար համալսարաններից մեր գործընկերների նախագահությունը շատ կարևոր է։ Նրանք ներկայացնում են ընդգրկուն դասախոսություններ, որոնք շատ կարևոր են ուսանողների համար, քանի որ պարունակում են մեծաքանակ տեղեկատվություն, որն իրենց շատ օգտակար կլինի հետագա գիտական գործունեության ընթացքում։ Բացի այդ՝ Հունաստանից, Գերմանիայից, Իրանից և այլ երկրներից ժամանած երիտասարդ գիտնականների միջև ձևավորվում են նոր կապեր և համագործակցության հեռանկարներ, ինչն, անշուշտ, լավ է գիտության ապագայի համար»,- նշել է ՀՌՀ-ի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն Հայկ Սարգսյանը։
Դպրոցը համախմբել է եվրոպական առաջատար բուհերի ուսանողներին, որոնք այս շաբաթվա ընթացքում ոչ միայն կլսեն անվան մասնագետների դասախոսությունները, այլև կիրականացնեն փորձի փոխանակում, կբանավիճեն և կցուցադրեն իրենց հետազոտությունները կարճ շնորհանդեսների մրցույթում:
Իր հերթին՝ Հայ-Ռուսական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, «NanoQIQO Horizon 2020 Twinning» նախագծի համակարգող Դավիթ Հայրապետյանը հայտնել է, որ Nanoqiqo-ի շրջանականերում կազմակերպված վերոնշյալ դպրոցն անցկացվում է 3-րդ անգամ։ Այն նվիրված է նանոկառուցվածքների և նանոնյութերի օպտիկական հատկություններին։ «Առաջին հերթին՝ սա լավ հնարավորություն է ուսանողների համար ունկնդրելու տվյալ բնագավառի անվանի պրոֆեսորների դասախոսությունները։ Եվ, իհարկե, սա լավ հարթակ է գաղափարների փոխանակման և նոր գիտական կապերի հաստատման համար»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ 2020թ․ մարտին Հայ-Ռուսական համալսարանը ճանաչվել էր Հորիզոն 2020 Թվինինգ ծրագրի հաղթող։ «NanoQIQO Horizon 2020 Twinning» նախագիծը հիմք է հանդիսանում Հայաստանում նանոնյութերի հետազոտությանը՝ քվանտային ինֆորմատիկայում և քվանտային օպտիկայում կիրառելու նպատակով։ Թվինինգ ծրագիրը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու գիտության և տեխնոլոգիաների կարողությունները, բարելավելու հաստատության վարչական կազմի որակավորման մակարդակը, ինչպես նաև նպաստում գիտակրթական գործընթացների միջազգայնացմանը: