- 19 Մար
- 2021
Հայ-Ռուսական համալսարանի մասնակցությամբ հետազոտական ծրագիր կիրականացվի
ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի գիտական թիմի կողմից ուսումնասիրվելու է Հայաստանում կիրառված հակաճգնաժամային կառավարման փորձը և արդյունավետությունը, ինչպես նաև հակաճգնաժամային կառավարման հակացիկլիկ կարգավորման միջազգային փորձը եւ դրա կիրառման հնարավորությունը Հայաստանում։
Հայ-Ռուսական համալսարանն (ՀՌՀ) իրականացնում է «Տնտեսական ճգնաժամի հաղթահարման և կայուն տնտեսական աճի ապահովման հարկաբյուջետային և ոլորտային քաղաքականությունների կիրառումը ՀՀ-ում» թեմայով հետազոտական ծրագիր` «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ:
ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի գիտական թիմի ներկայացրած հայտի միջոցով Հիմնադրամի հետ համագործակցության ձեռքբերումը փաստում է Հայ-Ռուսական համալսարանի բարձր վարկանիշի և գիտական մեծ ներուժի առկայության մասին:
Գիտական թիմի կողմից ուսումնասիրվելու է Հայաստանում կիրառված հակաճգնաժամային կառավարման փորձը և արդյունավետությունը, ինչպես նաև հակաճգնաժամային կառավարման հակացիկլիկ կարգավորման միջազգային փորձը և դրա կիրառման հնարավորությունը Հայաստանում։
Հետազոտության շրջանակում բացահայտվելու են այն ոլորտները, որոնք ունեն զարգացման ներուժ և կարող են հանդիսանալ շարժիչ ուժ՝ Հայաստանի տնտեսության վերականգնման և հետագա զարգացման համար:
Իրականացվելու է նաև ՀՀ հարկաբյուջետային, արդյունաբերական գյուղատնտեսության, գիտատեխնիկական քաղաքականության, կապիտալի շուկայի, կենսաթոշակային ապահովագրության, ներդրումների քաղաքականության խրախուսման և անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառուցվածքների ու անհրաժեշտ փոփոխությունների վերլուծությունը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է գիտական սեմինարի և միջազգային գիտաժողովի անցկացում, որտեղ համապատասխանաբար կներկայացվեն առաջին և երկրորդ տարվա հետազոտությունների արդյունքները։
«Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը հիմնադրվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, որի առաքելությունն է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը` տնտեսագիտական կրթության և հետազոտական կարողությունների բարելավման միջոցով։