research
  • 18 Ապր
  • 2023

Հայ-Ռուսական համալսարանում բացվել է Սամվել Լաճիկյանի աշխատանքների ցուցադրությունը

    Ըստ մասնագետների՝ դիմանկարի ժանրում Սամվել Լաճիկյանի հաջողությունները բացարձակ են:

    «Արտ-ակվարիում» նախագծի շրջանակներում՝ Հայ-Ռուսական համալսարանում ապրիլի 17-ին բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի աշխատանքների ցուցադրությունը։

    «Գեղեցկությունը մեր շուրջն է, կարևորն այն նկատելն է։ Իմ բոլոր աշխատանքները յուրահատուկ են։ Եվ ամեն աշխատանք ես կատարում եմ որոշակի տեխնիկայով։ Չեմ կարող իմ համար ընդգծել ինչ-որ մեկ նկարչական ժանր, որն ինձ ավելի հոգեհարազատ է, քանի որ ամեն ուղղությունն էլ իր տեղը ունի իմ արվեստում», - նշել է Լաճիկյանը։ 

    Ըստ մասնագետների՝ դիմանկարի ժանրում Սամվել Լաճիկյանի հաջողությունները բացարձակ են: Նրա վրձինը համարձակ գիծ է քաշում, նույն այդ վրձինը թղթին է հանձնում գույնը գույնի հետից: Եվ նկարից մեզ է նայում ոչ թե ընդհանրապես մարդ, այլ այս մարդը, միայն այս մարդը: Այն բախտավոր արվեստագետներից է, որը իր ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում և որոնել է, և գտել է։

    «Նկարների ցուցադրությունը ցույց տվեց այն ամբողջ գեղեցկությունը, որը մեզ շրջապատում է։ Բայց առանձնակի ուշադրությամբ ես դիտել եմ այն նկարները, որոնց մեջ նկարիչը պատկերել է իր ծնողներին, դրանք ինձ շատ հուզեցին», - շեշտել է 3-րդ կուրսի ուսանող Ռուզաննա Աֆրիկյանը։ 
     
    Նշենք, որ «Արտ-Ակվարիում» նախագծի հեղինակը և համակարգողը Հայ-Ռուսական համալսարանի Ռուսական և համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանն է։ 

    Հիշեցնենք, որ Սամվել Լաճիկյանը ծնվել է 1953թ. հոկտեմբերի 12-ին՝ Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1963-67թթ․ սովորել է Գյումրիի Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցում: 1976թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, 1985թ., էքստեռն կարգով՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը: 1985թ․-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1985-87թթ․ եղել է Գյումրու Գեղագիտական կենտրոնի գեղարվեստական ղեկավարը, 1987-95թթ․՝ Գյումրու Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրենը: 1989-95թթ․ ղեկավարել է Հայաստանի նկարիչների միության Գյումրու մասնաճյուղը: 1990-95թթ․ ընտրվել է Գյումրու քաղաքային խորհրդի պատգամավոր: 2000թ. հիմնադրել է «Արատտա» ընկերությունը: 1981թ․-ից ստեղծագործական բեղուն գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ մասնակցելով բազմաթիվ ցուցահանդեսների նախկին ԽՍՀՄ-ում, Սկանդինավյան երկրներում (Ֆինլանդիա, Շվեդիա, Նորվեգիա), Հունգարիայում, Լեհաստանում, Կիպրոսում, Չինաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։