- 23 Դեկ
- 2024
Ամփոփվեց ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացված «Հաքաթոն»-ի արդյունքները. հայտնի են հաղթող թիմերի անունները
Երրորդ հորիզոնականում (1 մլն դրամ) Հայ-ռուսական համալսարանի Pumpkin Pie թիմն էր՝ «Էռոզիայի նախաախտրոշումը գյուղատնտեսության ոլորտում» թեմայի վերաբերյալ իր գաղափարով։
Ծաղկաձորում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում իրականացված «Հաքաթոն»-ի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ հայտարարվել են 3 հաղթող թիմերի անունները:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ողջունելով և շնորհավորելով մասնակիցներին և ներկաներին, անդրադարձել է ծրագրի առջև դրված նպատակներին և խնդիրներին, ընդգծելով, որ «Հաքաթոն»-ի անցկացման փիլիսոփայության առանցքում տաղանդների բացահայտումն է, նոր մտքերի և գաղափարների գեներացման, ինչպես նաև թիմային աշխատանքի կարևորությունը։
«Այս ծրագիրը գալիս է ապացուցելու, որ Հայաստանը նաև թիմային աշխատանքներում կարող է արձանագրել լրջագույն հաջողություններ։ Միասնականության ու մեր ջանքերը համատեղելու առումով «Հաքաթոն»-ը դրա վառ ապացույցներից է»,- նշել է նախարարը և հավելել, որ սա մի մեծ, գեղեցիկ և կարևոր ճանապարհի ընդամենը սկիզբն է:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, մի շարք բուհերի և կրթական հաստատությունների ղեկավարներ, պաշտոնատար անձինք, ոլորտի առաջատար մասնագետներ։
Այնուհետև հայտարարվել են երեք հաղթող թիմերի անունները, որոնց գաղափարներն առաջադրված թեմաների շրջանակում լավագույնն են եղել:
Առաջին մրցանակին (2.5 մլն դրամ) է արժանացել Հայաստանի ամերիկյան համալսարանից Aneev2 թիմը, որի գաղափարը «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանությունը դեպի տեքստ» թեմայով էր: Երկրորդ մրցանակին (1.5 մլն դրամ)՝ ՀԱՊՀ համալսարանից FBF թիմը՝ ներկայացնելով «Աջակցող տեխնոլոգիաների ոլորտում Braille Board ստեղտանաշար» թեմայով իր գաղափարը։ Երրորդ հորիզոնականում (1 մլն դրամ) Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Pumpkin Pie թիմն էր՝ «Էռոզիայի նախաախտրոշումը գյուղատնտեսության ոլորտում» թեմայի վերաբերյալ իր գաղափարով։
«Գործնական հմտությունների կատարելագործում» «Հաքաթոն»-ին մասնակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստացել էր 60 հավաքական հայտ՝ 300 մասնակցով, որոնցից ընտրվել է լավագույն 22 խումբը՝ 110 մասնակցով։