- 03 Դեկ
- 2024
Բարձրարվեստ դաս` հանդիպում կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Լուսինե Սահակյանի հետ
Լուսինե Սահակյանի փաստառատ խոսքը ուղեկցվում էր առանձին սլայդների ցուցադրմամբ, որոնք ներկայացնում էին այն լայնարձակ հորիզոնը, որ բացել էր Կոմիտասն իր ժամանակներում։
Նոյեմբերի 27-ին Հայ-ռուսական համալսարանում հանդիպում էր արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Լուսինե Սահակյանի հետ։ Միջոցառումը կազմակերպել էր համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնը, որի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Գևորգյանն էլ իր բացման խոսքում հակիրճ ընդգծեց Կոմիտաս Վարդապետի բացառիկ դերը մեր ժողովրդի հոգևոր գանձերի հայտնաբերման և մշակման գործում։ Այնուհետև նա ձայնը տվեց համալսարանի հյուրին՝ ճանաչված ու սիրված կոմիտասագետ Լուսինե Սահակյանին։
Լուսինե Սահակյանի ոգեշունչ և փաստառատ խոսքը ուղեկցվում էր առանձին սլայդների ցուցադրմամբ, որոնք ներկայացնում էին այն հզոր ու լայնարձակ հորիզոնը, որ բացել էր Կոմիտասն իր դաժան ժամանակներում և իր հալածյալ կյանքում։ Ուսանողության համար հայտնություն էր, որ այդքա՜ն Կոմիտասը մոտ էր եղել ու գիտակ ռուսական երաժշտության հարուստ ժառանգությանն ու այն կրողներից շատերին, որ նրանց մեջ ձևավորվել են գործնական ամուր կապեր և բարձր համակրանք։
Հետաքրքիր էր իմանալ, որ Կոմիտասի «Լեռնային բարձունքներ» ռոմանսը գրվել է Լոմոնոսովի խոսքերով, որ նրա գրչին է պատկանում նաև Պ․Չայկովսկու խմբերգերից մեկի տարբերակը և նման այլ փաստեր։
Կոմիտասի հետ համագործակցել են և նրան շատ բարձր են գնահատել ռուս նշանավոր երաժիշտներ ու երաժշտագետներ Թոմաս Հարթմանը, Միխայիլ Գնեսինը, Վասիլի Կորգանովը և այլք։ «Վերածնության շրջանի հանճարներին հատուկ բազմակողմանիությամբ ու խորագիտությամբ էր ամեն ինչին ձեռնամուխ լինում հայ հոգևոր կյանքում բացառիկ դեր ու նշանակություն ունեցող առաքյալը, հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն ու բազմաբեղուն երաժիշտը, կոմպոզիտորն ու բանահավաքը, երաժշտագետն ու երգիչը, մանկավարժը», - շեշտում էր բանախոսը։
Լուսինե Սահակյանը պատասխանեց նաև դահլիճից հնչող բազմաթիվ հարցերի։
Մեկ դասաժամ տևող շատ ուսանելի հանդիպումը բացառիկ էր՝ դահլիճն այնքան հագեցած ու հուզիչ էր կոմիտասյան խոսքով ու գործով, թեմային առնչվող գեղեցիկ սլայդներով, որ ոչ մի ձայն ու աղմուկ չէր խաթարում արվեստով լի մթնոլորտը, բոլորը հմայված ըմբոշխնում էին կոմիտասյան երգն ու խոսքը։
Միջոցառման ավարտին մասնակիցները բուռն ծափահարությամբ ճանապարհեցին սիրված հյուրին՝ նրան վերստին հանդիպելու անկեղծ ցանկությամբ։