- 27 Դեկ
- 2023
«Կոլիզիոն իրավունք» գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսը
Հայ-ռուսական համալսարանը կազմակերպեց «Իրավական նորմերի հակասությունները և դրանց հաղթահարման կառուցակարգերը» թեմայով գիտագործնական կոնֆերանս։
Դատավորները, դատախազները, քննիչները, վարչական մարմինները և փաստաբանները իրենց գործունեության ընթացքում հանդիպում են իրավական նորմերի հակասությունների (կոլիզիաների), որոնց հաղթահարումը երբեմն առաջացնում է գործնական բարդություններ։ Իրավակիրառ մարմինները նման կոլիզիաները հաղթահարելու հարցերով հաճախ դիմում են իրավաբան գիտնականներին։
Ուստի, իրավական կոլիզիաների հաղթահարման հարցերը իրավակիրառողների հետ քննարկելու նպատակով, Հայ-ռուսական համալսարանը դեկտեմբերի 15-ին կազմակերպեց «Իրավական նորմերի հակասությունները և դրանց հաղթահարման կառուցակարգերը» թեմայով գիտագործնական կոնֆերանս։
Այդ օրը տեղի ունեցավ նաև Հայ-ռուսական համալասարանի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի գիտնականներ՝ ի․գ․դ, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի, ի․գ․թ, դոցենտ, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանի, ի․գ․թ, ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանի հեղինակած «Կոլիզիոն իրավունք» գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսը։
Կոնֆերանսի և գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսի ընթացքում զեկույցներով հանդես եկան ի․գ․դ, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր,ի․գ․թ․ Նորա Կարապետյանը, ի․գ․թ, դոցենտ Տարոն Սիմոնյանը, ի․գ․թ, դոցենտ, Հայ-ռուսական համալսարանի քրեական իրավունքի և դատավարության ամբիոնի վարիչ Նաիրա Զոհրաբյանը և այլք։
Ներկա էին ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը,ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ԲԴԽ-ից, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից և այլ հարգարժան հյուրեր։