research
  • 30 Նոյ
  • 2023

«ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»` բաց դասախոսություն

    Կլոր սեղանը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, Հայ-Ռուսական համալսարանի նոր մասնաշենքի Օրբելու անվան լսարանում:

    «Բարոյական վնասի փոխհատուցման խնդիրները» թեմայով գիտական կլոր սեղանը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին` ժամը 19:00-ից մինչև 21:00-ը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի նոր մասնաշենքի Օրբելու անվան լսարանում:
     
    Դասախոսության ընդհանուր նկարագիր
    Դասախոսությունը նվիրված է Հայաստանի և օտարերկրյա իրավակարգերում առաջացած բարոյական վնասի փոխհատուցման վերաբերյալ արդի խնդիրների քննարկմանը: Քննարկման են հրավիրվում դատական համակարգի և պետական իշխանության այլ մարմինների ներկայացուցիչներ, քաղաքացիական իրավունքի ոլորտի գիտնականներ, փաստաբաններ, կորպորատիվ իրավաբաններ, ուսանողներ և այս խնդրով հետաքրքրվող այլ իրավաբաններ:
     
    Դասախոսության ծրագիր
    1. Բարոյական վնասի փոխհատուցման հիմքը
    Ինչո՞ւ են գրեթե բոլոր ժամանակակից երկրների իրավական համակարգերը թույլ տալիս դրամական փոխհատուցում բարոյական վնաս պատճառելու դիմաց:
    Տևական ժամանակ գերակշռող մոտեցումը կայանում էր նրանում, որ տառապանքների դրամային գնահատումը բարոյական չէ, ինչի պատճառով ոչ նյութական բարիքների պաշտպանությունը իրականացվում էր միայն հրապարակայնորեն ներողությունների կամ մարդու պատիվն ու արժանապատվությունը արատավորող զրպարտիչ տեղեկությունները հերքելու ձևով: Սակայն անձի անձեռնմխելիության սկզբունքի վերաբերյալ պատկերացումների զարգացման արդյունքում անհրաժեշտություն առաջացավ բարոյական վնաս պատճառելու համար դրամական փոխհատուցում նախատեսել:
    ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն բարոյական վնասը փոխհատուցվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում, օրինակ.
    - ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդված՝ վիրավորանք, զրպարտություն,
    - ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդված՝ հիմնարար իրավունքների խախտում, անարդարացի դատապարտում;
    - ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.3 հոդված՝ խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցում;
    - «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104 հոդված՝ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված բարոյական վնասի փոխհատուցում:
    Ոչ գույքային իրավունքների խախտման արդյունքում պատճառված բարոյական վնասի փոխհատուցման վերաբերյալ ընդհանուր իրավանորմ (նման նորմ առկա է ՌԴ քաղաքացիական օրենսգրքի 151-րդ հոդվածում) ամրագրված էր Հայաստանի օրենսդրության մեջ միայն 1997թ. մինչև 1999թ. ընկած ժամանակահատվածում: Սակայն գործող քաղաքացիական օրենսգրքում այդ նորմը չի պահպանվել: Այսպիսով, Հայաստանում օրենքով չնախատեսված դեպքերում պատճառված բարոյական վնասը չի փոխհատուցվում (օրինակ, առողջությանը վնաս պատճառելու կամ հարազատի մահվան դեպքերում):
    Ի՞նչ փաստարկներ կարելի է բերել նման մոտեցման հիմնավորման կամ քննադատման համար։ Արդյո՞ք Հայաստանում բարոյական վնասի հատուցման դեպքերի ցանկն ընդլայնելու կամ բարոյական վնասի հատուցման հիմքերը որոշելու ավելի ընդհանուր չափանիշ սահմանելու անհրաժեշտություն կա։
     
    2. Բարոյական վնասի փոխհատուցման չափը
    Ինչպե՞ս հաշվարկել բարոյական վնասի համար արդարացի փոխհատուցման չափը:
    Այն գումարը, որը հայցվորը կարող է բավարար համարել իր էմոցիոնալ վիճակը վերականգնելու համար, կարող է անհամաչափ լինել կատարված խախտմանը, և բարոյական տառապանքի աստիճանի
    և բնույթի ըմբռնման բացակայության դեպքում դժվար է օբյեկտիվորեն որոշել այն գումարը, որը բավարար կլինի հայցվորի համար և արդարացի՝ պատասխանողի համար։
    Կարելի է առանձնացնել բարոյական վնասի փոխհատուցման չափի որոշման հետևյալ եղանակները.
    - նվազագույն և առավելագույն գումարը սահմանվում է օրենքով,
    - փոխհատուցման չափը որոշում է դատարանը իր հայեցողությամբ,
    - գոյություն ունի փոխհատուցման չափի որոշման մեթոդաբանություն, որը առաջարկում է բանաձև, որոշակի խախտումների համար՝ նախատեսելով փոխհատուցման բազային չափեր, ինչպես նաև անհատական հատկանիշներ արտացոլող գործակիցներ:
    Ո՞րն է թվարկված եղանակներից առավել արդյունավետը:

    3. Բարոյական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար նախատեսված հայցային վաղեմության ժամկետը
    Ընդհանուր կանոնի համաձայն՝ անձնական ոչ գույքային իրավունքների և այլ ոչ նյութական բարիքների պաշտպանությանն ուղղված պահանջների վրա հայցային վաղեմության ժամկետը չի տարածվում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344 հոդված, ՌԴ քաղաքացիական օրենսգրքի 208 հոդված): Արդյո՞ք այս կանոնը բացարձակ է:
    Օրինակ, եթե բարոյական վնասի հատուցման իրավունքը սահմանված է օրենքով և պատճառվել է գույքային իրավունքի խախտման հետևանքով, ապա Ռուսաստանում նման պահանջի նկատմամբ կիրառվում է հայցային վաղեմության ժամկետը, որը սահմանված է գույքային իրավունքը պաշտպանելու համար (ՌԴ Գերագույն դատարանի Պլենումի 15.11.2022թ. № 33 որոշման 11-րդ կետ): Իսկ Հայաստանում սահմանված են հայցային վաղեմության հատուկ ժամկետներ պետության կողմից պատճառված բարոյական վնասը փոխհատուցելու պահանջների նկատմամբ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2, 1087.3 հոդվածներ), և ՀՀ Սահմանադրական դատարանը այդ սահմանափակումները ճանաչել է սահմանադրական (ՀՀ Սահմանադրական դատարանի 16.06.2020թ. ՍԴՈ-1545 որոշում, ինչպես նաև ՄԻԵԴ 22.10.1996թ. որոշումը Stubbings and Others v. The United Kingdom № 22083/93գործով)
    Ինչո՞վ է պայմանավորված բարոյական վնասի հատուցման պահանջների նկատմամբ հատուկ վաղեմության ժամկետ նախատեսելը:
     
    4. Պետության կողմից պատճառված բարոյական վնասի փոխհատուցման առանձնահատկությունները
    Արդյո՞ք հիմնավորված է պետության կողմից բարոյական վնաս պատճառելու դեպքում փոխհատուցման հատուկ պայմաններ նախատեսելու մոտեցումը:
    Անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
    - արդյո՞ք անհրաժեշտ է նախապես վիճարկել պետական մարմնի գործողության (անգործության) իրավաչափությունը,
    - արդյո՞ք օրենքով կարող է սահմանվել փոխհատուցման առավելագույն չափ,
    - հայցային վաղեմության ժամկետը պետության կողմից պատճառված բարոյական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար,
    - արդյո՞ք գոյություն ունի ընդհանուր ոչ գույքային հանրային իրավունք, որը երաշխավորում է անձի պաշտպանությունը պետության կողմից ոչ իրավաչափ միջամտությունից:

    5. Բարոյական վնասի փոխհատուցման իրավունքը և պարտականությունը ժառանգությամբ կամ սինգուլյար իրավահաջորդությամբ անցնելը
    Արդյո՞ք բարոյական վնասի փոխհատուցման վերաբերյալ իրավունքները և պարտականությունները կարող են փոխանցվել ժառանգությամբ:
    Հնարավոր են նշված հարցի լուծման հետևյալ տարբերակները.
    Բարոյական վնասի փոխհատուցում ստանալու իրավունքը
    - չի անցնում ժառանգությամբ, քանի որ դա անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է,
    - անցնում է ժառանգությամբ, եթե փոխհատուցման գումարը սահմանված է օրինական ուժի մեջ մտած վճռով,
    - անցնում է ժառանգությամբ, եթե ժառանգի կողմից մինչև իր մահը հայցադիմում էր ներկայացվել փոխհատուցում ստանալու պահանջով,
    - անցնում է ժառանգությամբ, եթե տուժողը իր գործողություններով հաստատել է, որ իրեն պատճառվել են տառապանքներ (օրինակ, նամակագրությամբ, խոսակցության ժամանակ և այլն):
    Միաժամանակ առկա են վեճեր այն մասին, թե արդյոք հնարավոր է զիջել բարոյական վնասի փոխհատուցում ստանալու իրավունքը (հատկապես այն դեպքերում, երբ դա կապված է գույքային իրավունքի խախտման հետ), ինչպես նաև արդյոք բարոյական վնասի փոխհատուցման պարտականությունը փոխանցվում է ժառանգությամբ:
    Թվարկված լուծումներից ո՞ր մեկն է առավել արդարացված, հաշվի առնելով դելիկտային իրավունքի գործառույթները և բարոյական վնասի փոխհատուցման պահանջի իրավական որակումը:

    Նախատեսվում է հետևյալ բանախոսի մասնակցությունը.
    - Աննա Մարկելովա՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Ս.Ս. Ալեքսեևի անվան Մասնավոր իրավունքի հետազոտական կենտրոնի բաժնի ղեկավարի տեղակալ:
    - Մոդերատոր՝ Գարիկ Գևորգյան - Հայ-Ռուսական համալսարանի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարական իրավունքի ամբիոնի դասախոս, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ իրավաբան:

    Կլոր սեղանին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով:
    Մասնակցությունը անվճար է: Խնդրում ենք գրանցվել կլոր սեղանին միայն եթե վստահ եք, որ կարող եք մասնակցել:
     
    Գործընկերներ և միջոցառման կազմակերպիչներ
    M-logos` Կլոր սեղանի կազմակերպիչ,
    Lawsuit Law firm` կլոր սեղանի գործընկեր և համակազմակերպիչ:

    Հետադարձ կապ`
    [email protected]
    +37433799339