research
  • 07 Դեկ
  • 2021

ՀՌՀ մագիստրոսի զեկույցը ճանաչվել է լավագույնը ԱՊՀ երիտասարդական համաժողովում

    Համաժողովը նախատեսվում է դարձնել մշտական հարթակ ԱՊՀ տարածքում հումանիտար գիտություններով հետաքրքրված երիտասարդների միջև:

    Անկախ պետությունների համագործակցության հումանիտար գիտությունների երիտասարդական համաժողովի արդյունքներով Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի «Քաղաքագիտություն» ուղղության («Ազգային անվտանգություն» մասնագիտացմամբ) մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Արփի Եսայանն արժանացել է պատվոգրի` լավագույն զեկույցի համար: 

     ««Համագործակցության տարածքում ինտեգրացիոն գործընթացների 30 տարին. պատմություն, ձեռքբերումներ, հեռանկարներ» սեկցիայում ես ներկայացրեցի «ԱՊՀ և ԵԱՏՄ յուրահատկությունը որպես եվրասիական ինտեգրացիայի հիմնական տիրույթներ. նմանությունները և տարբերությունները» զեկույցը, որում անդրադարձել եմ եվրասիական ինտեգրացիայի առավել էական ձեռքբերումներին, յուրահատկություններին և զարգացման հեռանկարներին»,- նշել է Արփի Եսայանը: 

    Անկախ պետությունների համագործակցության հումանիտար գիտությունների երիտասարդական համաժողովին մասնակցել էր ԱՊՀ մասնակից-պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի առաջատար բուհերի ուսանողական երիտասարդությունը: Մասնակիցները քննարկել են ԱՊՀ խնդիրները, ձեռքբերումները և զարգացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսական մշակութային և գիտական համագործակցության հարցերը: 

    Համաժողովը նախատեսվում է դարձնել մշտական հարթակ ԱՊՀ տարածքում հումանիտար գիտություններով հետաքրքրված երիտասարդների միջև` համագործակցության զարգացման համար: Նշենք, որ վերոնշյալ միջոցառումը կազմակերպվել է ԱՊՀ մասնակից-պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: 

    Վերոնշյալ համաժողովը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-4-ը Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում (Մոսկվա) և նվիրված էր ԱՊՀ կազմավորման 30-ամյակին: