- 30 Ապր
- 2026
ՌՀՀ-ում անցկացվել է աշխատանքային իրավունքի վերաբերյալ միջբուհական մրցույթ-դատախաղ
Դատավորների կազմում ներգրավված են եղել գործող դատավորներ, փաստաբաններ, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցիչներ։
Ռուս-Հայկական համալսարանի նախաձեռնությամբ ապրիլի 25-ին անցկացվել է աշխատանքային իրավունքի վերաբերյալ միջբուհական մրցույթ-դատախաղ, որի շրջանակում Հայաստանի տարբեր բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներից ձևավորվել էին 7 մրցակցող թիմեր։
Մրցույթին մասնակցել են ընդհանուր թվով 28 ուսանողներ՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, Երևանի պետական համալսարանից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Շիրակի պետական համալսարանից, Գլաձորի համալսարանից, ինչպես նաև Ռուս-Հայկական համալսարանից։ Մասնակիցները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և ծավալել լուրջ մրցակցություն աշխատանքային իրավունքի ոլորտում իրենց գիտելիքներն ու հմտությունները լավագույնս դրսևորելու նպատակով։
Միջոցառումը դարձել է կարևոր կրթական հարթակ, որը հնարավորություն է տվել ուսանողներին կիրառել տեսական գիտելիքները գործնականում։ Դատախաղի ընթացքում նրանք վերլուծել են իրական իրավական վեճեր, զարգացրել փաստարկման և մասնագիտական մտածողության հմտություններ, ինչպես նաև համագործակցել են պրակտիկ գործունեություն իրականացնող իրավաբանների, փաստաբանների և դատավորների հետ։
Մրցույթը անցկացվել է երեք փուլով՝ քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ Առաջին երկու փուլերում գործերը քննվել են երեք դատավորից կազմված կազմերի կողմից, իսկ եզրափակիչ փուլում՝ հինգ դատավորից կազմված կազմով։
Դատավորների կազմում ներգրավված են եղել գործող դատավորներ, փաստաբաններ, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ մրցույթի ընթացքում ներգրավված են եղել 13 դատավորներ։
Մրցույթի արդյունքներով եզրափակիչ փուլ են անցել Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմերը։ Հաղթող է ճանաչվել Երևանի պետական համալսարանի թիմը, որը նաև արժանացել է լավագույն գրավոր փաստարկի հեղինակության մրցանակին։
Լավագույն խոսնակներ են ճանաչվել Ռուս-Հայկական համալսարանի ուսանող Արթուր Յոլչյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող Հարություն Հայրապետյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողուհի Մարիամ Օսիպյանը։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի նախաձեռնությամբ։




.jpeg)


