research
  • 02 Մար
  • 2024

Պրոֆեսոր Չալտիկյանը Հայ-Ռուսական համալսարանում վարպետության դաս է անցկացրել թվային առողջապահության փոխակերպման արհեստական ինտելեկտի վերաբերյալ

    Մասնակիցները ծանոթացան թվային առողջապահության ոլորտում առկա միտումներին և վերջին զարգացումներին, կարիերայի հեռանկարներին և այլն:

    Թվային առողջապահության կենտրոնի ղեկավար, Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտի (Գերմանիա) պրոֆեսոր Գեորգի Չալտիկյանը մարտի 1-ին ՀՌՀ-ի ուսանողներին պատմեց թվային առողջապահության ոլորտում միտումների և հեռանկարների , ՀՌՀ «Թվային առողջապահություն» եզակի մագիստրոսական ծրագրի մասին։ Փորձագետը վարպետության դաս է անցկացրել «Արհեստական ինտելեկտը առողջապահության թվային փոխակերպման մեջ» թեմայով։
     
    «Վարպետության դասին մենք խոսեցինք արհեստական ինտելեկտի զանազան տեխնոլոգիաների մասին: Սա բավականին լայն տեխնոլոգիական ոլորտ է, որը տատանվում է այսպես կոչված «Computer vision»-ից մինչև կլինիկական որոշումների աջակցության համակարգեր, այսինքն՝ բժիշկները որոշումներ են կայացնում հիվանդի բուժման ընթացքի վերաբերյալ՝ հիմնվելով բազմաթիվ տվյալների վրա։ Բնականաբար, մարդու համար շատ ավելի դժվար է մշակել այս բոլոր տվյալները, քան արհեստական ինտելեկտի համար, որն ավելի արդյունավետ է և քիչ էներգիա սպառող»,- կիսվել է Գեորգի Չալտիկյանը։

    Պրոֆեսոր Չալտիկյանը նաև նշեց, որ «ChatGPT»-ի նման հավելվածները ներկայումս ադապտացվում են բժշկական փաստաթղթերը լրացնելու համար։ Արհեստական ինտելեկտի մոդելների ալգորիթմների հիման վրա հնարավոր է մշակել հսկայական քանակությամբ տվյալներ և բացահայտել այնպիսի օրինաչափություններ, որոնք անտեսանելի են անզեն աչքով:
     
    Վարպետության դասի մասնակիցները ծանոթացան թվային առողջապահության ոլորտում առկա միտումներին, վերջին զարգացումներին և մասնագիտության հեռանկարներին, ինչպես նաև արժեքավոր փորձ ձեռք բերեցին Գեորգի Չալտիկյանից:
     
    Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան նաև ՀՌՀ-ի «Թվային առողջապահություն» նոր մագիստրոսական ծրագրին։ Ծրագիրն իրականացվում է ՀՌՀ-ի և Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտի համագործակցության շրջանակներում։ Այս ծրագրի ուսանողները հնարավորություն կունենան սովորել Գերմանիայում և ստանալ եվրոպական նմուշի դիպլոմ։

    Նշենք, որ «Թվային առողջապահություն» մագիստրոսական ծրագիրը Հայաստանում և տարածաշրջանում առաջին նորարարական և եզակի համատեղ կրթական ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս մասնագիտանալու հսկայական ներուժ ունեցող ամենաժամանակակից ոլորտներից մեկում՝ Digital Health-ում։ Ծրագիրը ներառում է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառումը բժշկության և առողջապահության ոլորտում։
     
     
     
    Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
    ("Լրագրություն", 3 կուրս)