- 25 Փետ
- 2022
Հայ-Ռուսական համալսարանին նվիրաբերվել է ավելի քան 300 գիրք
Նոր մասնաշենքի գրադարանում տեղի ունեցած ցուցադրությունը նվիրված էր Գիրք նվիրելու օրվան:
Ալեքսանդր Սոլժենիցինի անվան ռուսական արտերկրի տունը փետրվարի 19-ին ավելի քան 300 գիրք է նվիրաբերել Հայ-Ռուսական համալսարանին: ՀՌՀ-ի նոր մասնաշենքի գրադարանում տեղի ունեցած ցուցադրությունը, որին մասնակցել են ՀՌՀ-ի տարբեր ուղղությունների ուսանողներ, նվիրված էր Գիրք նվիրելու օրվան:
Վերոնշյալ գրքերը նվիրաբերել և Ալեքսանդր Սոլժենիցինի անվան ռուսական արտերկրի տան գործունեության մասին պատմել է այդ կազմակերպության միջազգային և միջտարածաշրջանային համագործակցության բաժնի ղեկավար Ելենա Կրիվովան: Ցուցահանդեսի բացմանը ռուսերենի ուղղագրության արդի խնդիրների վերաբերյալ առցանց դասախոսություն է անցկացրել Վ. Վինոգրադովի անվան Ռուսաց լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ելենա Հարությունովան։
Իր հերթին` ՀՌՀ-ի վաստակավոր պրոֆեսոր Արշակ Սարգսյանը հանդես է եկել շնորհակալական խոսքով՝ ընդգծելով Ալեքսանդր Սոլժենիցինի անվան ռուսական արտերկրի տան տնօրեն Վիկտոր Մոսկվինի և նրա տեղակալ Վլադիմիր Ուգարովի անձնական ներդրումները երկկողմ հարաբերությունների խորացման գործում և ՀՌՀ-ի նկատմամբ լավ վերաբերմունքը։
Նշենք, որ ՀՌՀ-ի և Ալեքսանդր Սոլժենիցինի անվան ռուսական արտերկրի տան միջև համագործակցությունը կրում է համակարգային բնույթ. գրքերի աջակցման ծրագիրը Հայաստանում սկիզբ է առել 2010թ.-ին հենց մեր համալսարանից: