research
  • 03 Նոյ
  • 2023

Հայ-Ռուսական գիտակրթական կապերի ամրապնդումը նշանակալի ներդրում է մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում. ՀՌՀ-ն անցկացնում է փորձագիտական-վերլուծական կլոր սեղան, որը կազմակերպվել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի հետ համատեղ

    ՀՌՀ-ում անցկացվում է փորձագիտական-վերլուծական կլոր սեղան՝ «Զարգացման հեռանկարները և համագործակցության ռեսուրսները երկկողմ և բազմակողմ ձևաչափերով նոր աշխարհաքաղաքական պայմաններում»:

    Նոյեմբերի 2-ին ՀՌՀ-ում մեկնարկեց «Երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները և ռեսուրսները նոր աշխարհաքաղաքական պայմաններում» փորձագիտական-վերլուծական կլոր սեղանը, որը տևելու է մինչև նոյեմբերի 3-ը։

    Կլոր սեղանի հյուրերին ու մասնակիցներին ողջունեց ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը. «Պետք է գտնել նոր գործիքներ և մոտեցումներ, քանի որ հին մեխանիզմներն այնքան էլ արդյունավետ չեն եղել։ Այսօր երիտասարդները լիովին չեն հասկանում բարեկամության և գործընկերության առավելությունները, որոնք այնքան պարզ էին խորհրդային սերնդի համար: Եվ մենք պետք է գտնենք երիտասարդների սրտի բանալին, որպեսզի նրանց հասցնենք դրա կարևորությունը, հատկապես նման դժվարին ժամանակներում։ Մենք պետք է լուծումներ գտնենք, որոնք կօգնեն մեզ մերձենալ, այդ թվում՝ գիտության միջոցով»:

    Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի նախագահ, ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Էֆիմ Պիվովարն իր հերթին ընդգծեց, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանն այսօր գտնվում են նոր աշխարհաքաղաքական պայմաններում, ուստի կարևոր է ներգրավել երիտասարդներին. «Այս հարթակը գիտական դիվանագիտության ձևաչափ է, և Եվրասիական հետազոտությունների կենտրոնի հիմնական առաքելությունն է հնարավորինս նպաստել ինտեգրմանը։ Մեր բոլոր գործընկերների մեջ ՀՌՀ-ն ունի ամենաբարձր սոցիալ-հումանիտար ներուժը»։

    Նա նաև ընթերցեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Կուրչատովի ինստիտուտի ազգային հետազոտական կենտրոնի փոխնախագահ, պրոֆեսոր Վլադիսլավ Պանչինկոյի ողջույնի նամակը։

    «Հայ-Ռուսական գիտակրթական կապերի ամրապնդումը նշանակալի ներդրում է մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում, համատեղ նախաձեռնություններն ու նախագծերը, որոնք կենտրոնն արդեն իրականացնում է կամ նախատեսում է մոտ ապագայում սկսել, հիմք են ստեղծում հետազոտական համագործակցության հարթակի համար, որը օգնում է լուծել մեր պետությունների գիտատեխնիկական զարգացման խնդիրները»։
     
    Կլոր սեղանի ընթացքում մասնակիցները քննարկել են եվրասիական ինտեգրացիոն գործընթացների զարգացման խնդիրները և դրանց վրա ժամանակակից միջազգային հարաբերությունների վերափոխումների ազդեցությունը, կրթության և գիտության դերը Հայաստանի և Ռուսաստանի միջև ինտեգրման և երկկողմ համագործակցության զարգացման գործում և այլն։

    «Մենք կքննարկենք բազմաբնույթ խնդիրներ, որոնք շատ են, ինչպես նաև լուծումներ կգտնենք։ Մենք ապրում ենք, պատկերավոր ասած, խնդիրների քարաթափման, ընդ որում՝ բարդ դարաշրջանում», - ասաց ՀՌՀ-ի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսը։

    ՀՌՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանն ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունների համար անհրաժեշտ է ձևավորել նոր օրակարգ՝ նոր շունչ հաղորդելու համար. «Եւ  այժմ օրակարգում է նաև տեխնոլոգիական զարգացման նոր հայեցակարգի ձևավորումը, գիտատեխնիկական նոր հայեցակարգը, որը հիմնարար արժեք է անվտանգության և հարաբերությունների նոր ռազմավարության կառուցման տեսանկյունից։ ՀՌՀ-ն՝ որպես հարթակ, որպես ռուս-հայկական գիտության ինտեգրատոր, մնում է այս օղակի առաջնագծում, և մենք ձեզ հետ միասին առաջ ենք տանելու այս հայեցակարգերը»։

    Նշենք, որ պատվիրակությունը գլխավորում էր պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Էֆիմ Պիվովարը։ Թիմում ընդգրկված են Եվրասիական և միջտարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի հետխորհրդային երկրների ամբիոնի դոցենտ Ալեքսանդրա Լևչենկովան, Եվրասիական և միջտարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի հետխորհրդային երկրների բաժնի ավագ գիտաշխատող Մարիա Կատագոշչինան և մասնագետ Աննա Գալկինան։

    Միջոցառումն անցկացվում է Հայ-Ռուսական համալսարանի և Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի կողմից՝ ՀՌՀ-ՌՊՀՀ Եվրասիական հետազոտությունների կենտրոնի հիման վրա՝ Ռուսաստանի Դաշնության Գիտության և բարձրագույն կրթության նախարարության աջակցությամբ:
     
     
     
    Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
    ("Լրագրություն", 3 կուրս)