- 17 Հոկ
- 2023
«Ռուսաց լեզուն դարաշրջանների խաչմերուկում. ավանդույթներն ու նորարարությունները ռուսագիտության ոլորտում» միջազգային գիտաժողովը ՀՌՀ-ում համախմբեց 13 երկրների փորձագետներին
՛՛Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան փորձագետներ Հայաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Ֆինլանդիայից, Չեխիայից և Շվեյցարիայից։
ՀՌՀ-ում հոկտեմբերի 12-14-ը տեղի ունեցավ «Ռուսաց լեզուն դարաշրջանների խաչմերուկում. ավանդույթներն ու նորարարությունները ռուսագիտության ոլորտում» VI միջազգային գիտագործնական համաժողովը։ Այն անցկացվեց ՀՌՀ-ի ռուսագիտության Կենտրոնի գործունեության շրջանակներում՝ ավանդաբար կազմակերպված ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի կողմից:
Հերթական անգամ գիտաժողովը ՀՌՀ-ի պատերի ներքո համախմբեց բանասեր-ռուսագետներին, սլավոնագետներին, լեզվաբան-տիպագետներին, թարգմանիչներին, հումանիտար այլ ոլորտների մասնագետներին՝ ռուսագիտության նորագույն գիտամեթոդաբանական գաղափարների փոխանակման, արդիական գործընթացների, ճանաչողական գիտության և լեզվամշակութաբանության մեջ ժամանակակից ռուսաց լեզվի ձեռքբերումների քննարկման, ինչպես նաև դասավանդման ավանդական և նորարարական մեթոդների, համեմատական տիպաբանական հետազոտությունների, թարգմանչական, տեսական ու գործնական ոլորտներում ռուսերենի դիտարկման նպատակով։
Այս տարի գիտաժողովը համախմբեց 13 երկրների փորձագետներին: Գիտաժողովի անցկացման ազատ ձևաչափը հնարավություն տվեց մասնակիցներից ոմանց ելույթ ունենալ հեռավար:
Հոկտեմբերի 12-ին գիտաժողովի լիագումար նիստում ելույթ ունեցան առաջատար ռուսագետներ, լեզվաբաններ Ռուսաստանից, Գերմանիայից և Հայաստանից. բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Պլունգյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Եկատերինա Ռախիլինա, Մաքսիմ Կրոնգաուզ, Վլադիմիր Կարասիկ (Մոսկվա, Ռուսաստան), Միխայիլ Դիմարսկիյ (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), Հաբիլ Պետեր Կոստա (Պոտսդամ, Գերմանիա), Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Հակոբյան (Երևան, Հայաստան), բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյան (հեռավար) (Կալինինգրադ, Ռուսաստան – Երևան, Հայաստան):
«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել նման նշանավոր գիտնականներին, լինել ոչ միայն ռուսագիտության ոլորտում չափազանց նշանակալից գիտական միջոցառման իրականացման հարթակ, այլ նաև գիտական և կրթական երկխոսության վայր, կարևոր համակարգեր, հայեցակարգեր և մշակույթներ կապող կամուրջ, ինչը ամբողջությամբ համապատասխանում է մեր բուհի առաքելությանը», - նշեց համաժողովի կազմակերպիչ, ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի վարիչ Կարեն Հակոբյանը։
Հոկտեմբերի 12-13 գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին սեկցիոն նիստերով, որտեղ ներկայացվեցին զեկույցներ ռուսաց լեզվի տեսության ու պատմության, ռուսագիտության արդի խնդիրների, ռուսաց լեզվի ճանաչողականության և լեզվամշակութաբանության, դասավանդման ավանդական և նորարարական մեթոդների, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնագիտական ոլորտում լեզվական, սոցիալական և միջմշակութային իրավասությունների ձևավորման, թարգմանության տեսության և պրակտիկայի հարցերի վերաբերյալ:
Համաժողովի հյուրերի համար կազմակերպվեցին էքսկուրսիաներ Էջմիածնի վանական համալիր և Զվարթնոցի տաճար։
«Ռուսաց լեզուն դարաշրջանների խաչմերուկում. ավանդույթներն ու նորարարությունները ռուսագիտության ոլորտում» միջազգային գիտական համաժողովը արդեն վաղուց Հայաստանի և ողջ տարածաշրջանի ռուսագետների համար նշանակալից գիտական միջոցառում է դարձել, ինչը պայմանավորված է ոչ միայն զանազան երկրների ներգրավվածությամբ և մասնակիցների թվով, այլև գիտական մտքի, ոգու, էներգիայի, գաղափարների կենտրոնացման և համախմբման մակարդակով: Սա մի իրադարձություն է, որը երկար տարիներ նպաստել է ռուսերենի՝ որպես գիտական լեզվի վերափոխմանը, զարգացմանը, իմացության ու աշխարհաճանաչման մեջ առաջընթացի ձեռքբերմանը:
Թարգմանեց՝ Թամարա Նազարյանը
(՞Լրագրություն", 3 կուրս)