- 20 Նոյ
- 2024
ՀՌՀ-ում քննարկեցին մարզչի կատարելագործման հիմնահարցերը սպորտի զարգացման համատեքստում
Աշխատաժողովը կազմակերպել էր Հայ-ռուսական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:
Պետության դերը սպորտի զարգացման գործում մեծ է և անվիճելի, սակայն հնարավոր չէ սպորտային համակարգ կառուցել բացառապես պետական միջոցների հաշվին: Այս մասին այսօր «Մարզչի կատարելագործման հիմնահարցերը սպորտի զարգացման համատեքստում» խորագրով աշխատաժողովի հանդիսավոր բացման ժամանակ Հայ-ռուսական համալսարանում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մարզագիտության զարգացում, ակումբների ձևավորում, որոնք աստիճանաբար գերիշխող կդառնան երկրի առաջնություններում և կունենան իրենց ներկայացուցիչները միջազգային ասպարեզում:
«Այսօր ամբողջ աշխարհը շարժվում է դեպի ակումբային սպորտ, այդ իսկ պատճառով ուսանողական սպորտը հիմք է դառնում միջազգային ասպարեզում մեծ նվաճումների համար։ Լավ պայմանների և ենթակառուցվածքների ստեղծումը առաջին քայլն է այն ակումբների ձևավորման ուղղությամբ, որոնք կմասնակցեն ազգային առաջնություններին: Այդ ակումբների անդամները կկարողանան իրենց երկրները ներկայացնել ազգային հավաքականների կազմում, ինչը ոչ միայն օգուտ կտա, այլև պատիվ կբերի իրենց պետություններին», - նշեց Գիլոյանը։
Փոխնախարարը կարևորեց նաև ՀՌՀ-ում ստեղծված մարզական ենթակառուցվածքը՝ հույս հայտնելով, որ բուհի ուսանողները կկարողանան առաջատար դիրքեր զբաղեցնել տարբեր մարզաձևերի մրցումներում:
Իր հերթին ՀՌՀ ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ Արմեն Գրիգորյանը նշեց, որ աշխատաժողովի ընթացքում հայտնի փորձագետները կքննարկեն մարզչի կատարելագործման հիմնահարցերը սպորտի զարգացման համատեքստում, միջազգային առաջնություններին և օլիմպիադաներին նախապատրաստվելու համար ձեռնարկվող քայլերը, մանկապատանեկան սպորտի կայացման խնդիրները և բազմաթիվ այլ հրատապ թեմաներ:
«Մենք լավ գիտենք, որ սպորտային արդյունքի 50-60%-ը կազմում են գիտելիքները սպորտային բժշկություն որորտում, ճիշտ տեխնիկան և մի շարք ուրիշ ասպեկտներ, առանց որոնց անհնար է պատկերացնել հաջողությունը։ Այդ պատճառով մենք պարոն Գիլոյանի հետ միասին որոշեցինք, որ պետք է հնարավորություն ունենանք մեր մարզիչներին պարբերաբար ծանոթացնել սպորտային գիտությանը», — շեշտեց նա։
Արմեն Գրիգորյանը հավելեց, որ Հայ-ռուսական համալսարանը պատրաստ է հոգեբանական աջակցություն ցուցաբերել հավաքականների մարզիկներին, ինչը նրանց պատրաստվածության կարևոր մասն է կազմում:
Հյուրերին և խոսնակներին ողջունեց նաև ՀՌՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը. «Մենք հպարտ ենք, որ կարող ենք օգտագործել մեր հարթակը և առկա բոլոր հնարավորությունները, ներառյալ մարզադահլիճները, որոնք միշտ ձեր տրամադրության տակ են: Նախարարության մասնակցությունն այս գործընթացին կարևոր քայլ է մարզագիտության մեջ նոր բարձունքների հասնելու համար»:
Նշենք, որ աշխատաժողովը կազմակերպել էր Հայ-ռուսական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:
ԶԼՄ-ները` աշխատաժողովի մասին