- 25 Սեպ
- 2026
ՌՀՀ լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը «Ուսմունք» դպրոցի աշակերտների համար մեդիագրագիտության թեմայով դասախոսություն է անցկացրել
Մեդիագրագիտության և տեղեկատվական անվտանգության թեմայով դասախոսություններն անցկացվում են ՌՀՀ ղեկավարության որոշմամբ
Ինչպե՞ս տարբերել հավաստի տեղեկատվությունը կեղծիքից (ֆեյքից), ինչո՞ւ են սոցիալական ցանցերը օգտատիրոջը ցուցադրում այս կամ այն բովանդակությունը, ինչպե՞ս կարող է մեդիան ազդել ժամանակակից երիտասարդության կյանքի վրա և ինչպե՞ս ապահովել սեփական անվտանգությունը համացանցում․ այս ամենի մասին «Ուսմունք» դպրոցի ավագ դասարանցիներին սեպտեմբերի 25-ին մեդիագրագիտության դասախոսության ժամանակ պատմեց ՌՀՀ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, մեդիափորձագետ Մարինա Ալեքյանը։
Նշենք, որ մեդիագրագիտության և տեղեկատվական անվտանգության թեմայով դասախոսություններն անցկացվում են ՌՀՀ ղեկավարության որոշմամբ՝ կրթության երկու կարևորագույն մակարդակների՝ բուհի և դպրոցի համակարգված համագործակցությունն ապահովելու նպատակով։ Առաջին նմանատիպ վարպետաց դասը կազմակերպվել էր ՌՀՀ «Ուսմունք» դպրոցի տնօրեն Նաիրա Դաշյանի և ՌՀՀ ժուռնալիստիկայի ամբիոնի կողմից դեռևս նախորդ ուսումնական տարում։ Միջոցառումների նպատակը ոչ միայն աշակերտներին մեդիագրագիտության հիմունքներին ծանոթացնելն է, թվային դարաշրջանում տեղեկատվական սպառնալիքներից ու ռիսկերից պաշտպանվելուն հմտացնելը, այլև ցույց տալը, թե ինչպես կարող են ակադեմիական գիտելիքները կապվել այն առօրյա տեղեկատվական միջավայրի հետ, որտեղ ապրում է ժամանակակից դեռահասը։
«Այսօր մեդիագրագիտությունը լոկ ճշմարտությունը կեղծիքից տարբերելու, մանիպուլյացիաներն ու ապատեղեկատվությունը ճանաչելու, հեյթից, բուլինգից, կիբեռխարդախությունից և այլ սպառնալիքներից պաշտպանվելու ունակություն չէ։ Այս ոլորտի գիտելիքները զարգացնում են ինքնուրույն մտածելու, հսկայական ու քաոսային տեղեկատվական հոսքերում կողմնորոշվելու կարողությունը, կատարելագործում են քննադատական մտածողության հմտությունները, որոնք չափազանց անհրաժեշտ են թվային դարաշրջանում՝ արհեստական բանականության ահռելի արագությամբ զարգացման ֆոնին։ Երեխաներն ու դեռահասները մեծահասակներից ոչ պակաս պետք է հասկանան, թե ինչու են տեսնում այս կամ այն մեդիաբովանդակությունը, ով է այն ստեղծել, ինչ նպատակներ է հետապնդում հեղինակը և ինչ էմոցիաներ է փորձում առաջացնել։ Որքան վաղ է անչափահասների մոտ ձևավորվում նման կարողունակությունը, այնքան քիչ են ռիսկերը նրանց համար ժամանակակից մեդիամիջավայրում, և այնքան ավելի հազվադեպ են նրանք դառնում մանիպուլյացիաների, կիբեռխարդախության ու այլ տեղեկատվական սպառնալիքների թիրախ», – նշեց Մարինա Ալեքյանը։
Դասախոսության ընթացքում աշակերտներն ակտիվորեն հարցեր էին տալիս, մեծ պատրաստակամությամբ ու հետաքրքրությամբ մասնակցում քննարկմանը։







