
- 25 Փետ
- 2025
ՌՀՀ ուսանողների թիմը ներկայացրեց Հայաստանը Ժան-Պիկտեի անվան 45-րդ մրցույթում
Այս տարի մրցույթին մասնակցել է 46 թիմ 29 երկրից։
Հաջողությամբ հաղթահարելով գրավոր փուլը՝ Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի ուսանողների թիմը ներկայացրեց Հայաստանը Ժան-Պիկտեի անվան 45-րդ մրցույթում միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում, որը տեղի ունեցավ փետրվարի 8-15-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում։
Աննա Երիցյանը, Քրիստինա Ավետիսյանը և Անի Ջրաղացպանյանը ցուցադրեցին իրենց գիտելիքները և հմտությունները միջազգային իրավունքի ոլորտում՝ հաջողությամբ մրցելով ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Էկվադորի, Հնդկաստանի և այլ երկրների թիմերի հետ։ Սա թույլ տվեց թիմին զգալի առաջընթաց գրանցել այս հեղինակավոր միջազգային մրցույթում։
Այս տարի Ռուս-Հայկական համալսարանի թիմը մասնակցեց մրցույթին Հայաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի (AILA) և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ֆինանսական աջակցությամբ։
_1740495371.jpeg)
Թիմի անդամները ընդգծեցին, որ Ժան-Պիկտեի անվան մրցույթը ոչ միայն ուսանողների համար հմտություններ ցուցադրելու հնարավորություն է, այլև հիանալի հարթակ՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու, մասնագիտական կապերն ընդլայնելու և միջազգային շփումներ հաստատելու համար։ Նման մրցույթներին մասնակցելը հնարավորություն է տալիս ՌՀՀ ուսանողներին մրցելու աշխարհի տարբեր երկրներից և մայրցամաքներից լավագույն թիմերի հետ։ Այս տարի մրցույթին մասնակցել է 46 թիմ 29 երկրից։
Ժան-Պիկտեի անվան մրցույթը, որը անցկացվում է ամեն տարի 1989 թվականից ի վեր, միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ամենահեղինակավորներից մեկն է։ Այն անվանվել է շվեյցարացի իրավաբան Ժան Պիկտեի (1914–2002) պատվին, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահն էր և 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաների ու դրանց 1977 թվականի Լրացուցիչ արձանագրությունների համահեղինակներից մեկը։ Մրցույթը մասնակիցներին ընձեռում է եզակի հնարավորություն զարգացնելու գործնական գիտելիքները և արագ կողմնորոշվելու բարդ պայմաններում, երբ յուրաքանչյուր փուլի համար տրվում է ընդամենը 1-2 ժամ պատրաստվելու համար։