- 28 Սեպ
- 2023
ՀՌՀ-ն և Նոթինգհեմի համալսարանը համագործակցության նոր վեկտոր են սահմանել
ՀՌՀ է այցելել Նոթինգհեմի համալսարանի (Մեծ Բրիտանիա) արվեստի ֆակուլտետի ռուսագիտության և սլավոնագիտության ամբիոնի դոցենտ Մոնիկա Ուայթը:
ՀՌՀ Հումանիտար գիտությունների ինստիտուտի ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի վարիչ, ռուսագիտության Կենտրոնի ղեկավար Կարեն Հակոբյանը սեպտեմբերի 14-ին հանդիպեց Նոթինգհեմի համալսարանի արվեստի ֆակուլտետի ռուսագիտության և սլավոնագիտության ամբիոնի դոցենտ Մոնիկա Ուայթի հետ: Կողմերը քննարկեցին ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման հարցերը և Նոթինգհեմի համալսարանի ուսանողների ՀՌՀ գալու հնարավորությունները՝ ռուսաց լեզվի իմացության խորացման և բարելավման նպատակով:
Մոնիկա Ուայթը ընդգծեց ՀՌՀ և Նոթինգհեմի համալսարանի միջև համագործակցության համաձայնագրի կնքման կարևորությունը բրիտանացի ուսանողներին ռուսաց լեզու ուսուցանելու հարցում:
«Սեպտեմբերի 15-ին Մոնիկա Ուայթը մեծ ոգևորությամբ մասնակցեց ՀՌՀ օրվան նվիրված սպորտային և ժամանցային միջոցառումներին, ինչպես նաև պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ավելին, նա նույնիսկ հասցրեց հարցազրույց տալ առաջին կուրսի ուսանողներին, որում ընդգծեց նոր մասնաշենքի տեխնիկական հագեցվածության բարձր մակարդակը և համալսարանի կոմպակտ լինելու առավելությունը, քանի որ այս կերպ բոլոր դասերը անցկացվում են մի վայրում, ինչը, իհարկե, նպաստում է առավել արդյունավետ ուսումնական գործընթացին: Պարզապես համեմատեք. Նոթինգհեմի համալսարանն ունի մոտ 40,000 ուսանող, և համալսարանի մի ծայրից մյուսը հասնելու համար պահանջվում է 30 րոպե», – նշեց Կարեն Հակոբյանը:
Քանի որ սա Մոնիկա Ուայթի առաջին այցն էր Հայաստան, ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի աշխատակիցները կազմակերպեցին էքսկուրսիա դեպի հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։
Թարգմանեց՝ Թամարա Նազարյանը
(՞Լրագրություն", 3 կուրս)